Ուկրաինացիները Կուրսկի մարզում երեք հազար ռուս զինվորի շրջափակման մեջ են վերցրել. BILD
Ուկրաինացի զինվորականները Կուրսկի շրջանում շրջափակել են մոտ 3 հազար ռուս զինվորի: Այս մասին հայտնում է Bild-ը։
Bild-ի ռազմական դիտորդ Ջուլիան Ռեպկեն, վկայակոչելով արբանյակային տվյալները, նշել է, որ օրեր առաջ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է գրավել Կրասնոօկտյաբրսկոյե գյուղը, ինչի արդյունքում ռուսական ուժերն արևմուտքից պետական սահմանով, իսկ հյուսիսից՝ Սեյմ գետով ամբողջովին շրջափակված են:
Շրջափակման տարածքը կարող է կազմել մոտ 700 քառակուսի կիլոմետր։ Այդ տարածքն ամբողջովին անջատվել է այն բանից հետո, երբ ուկրաինական զինված ուժերն օգոստոսի 16-ին, 18-ին և 19-ին HIMARS համակարգերի հարվածներով և ավիացիայի օգնությամբ պայթեցրել էին երեք կամուրջներ Սեյմ գետի վրա:
Շրջափակված ռուս զինվորականների մեծ մասը գտնվում է Տյոտկինո և Գլուշկովո գյուղերում՝ յուրաքանչյուրում հազարական, հազար զինվոր էլ գտնվում է սահմանի երկայնքով, ավելի վաղ նշել էր Bild-ի աղբյուրը։