Հունգարիան վերացրել է վետոն՝ կապված ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ
Եվրամիության անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեն՝ Coreper-ը, նոյեմբերի 20-ին հաստատել է Ուկրաինայի օրենսդրության ստուգման արդյունքները՝ 4-րդ և 5-րդ բանակցային կլաստերների մասով։ Այս մասին Բրյուսելում Европейская правда-ի թղթակցին հայտնի է դարձել ԵՄ դիվանագիտական աղբյուրներից։
Նշվում է, որ դա թույլ է տալիս անցնել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների շրջանակում այդ կլաստերների պաշտոնական բացման ընթացակարգի հաջորդ փուլին։
Հաղորդվում է նաև, որ ԵՄ անդամ պետությունների դեսպանները համաձայնեցրել են 4-րդ՝ «Կանաչ օրակարգ և կայուն փոխկապակցվածություն», և 5-րդ՝ «Ռեսուրսներ, գյուղատնտեսություն և համախմբման քաղաքականություն» կլաստերների ստուգման արդյունքները։ Դրանք մնում են բացման ենթակա վերջին երկու չբացված կլաստերները։
Որոշումն ընդունվել է առանց քննարկման, քանի որ երկու հարցերն էլ Coreper-ի նիստի օրակարգում ընդգրկված էին որպես քննարկում չպահանջող հարցեր։
Նմանատիպ որոշումներ 4-րդ և 5-րդ կլաստերների ստուգման արդյունքների հաստատման վերաբերյալ համաձայնեցվել են նաև Մոլդովայի համար։
Հաջորդ ընթացակարգային քայլը կլինի Ուկրաինային և Մոլդովային պաշտոնական նամակներ ուղարկելը՝ հրավիրելով ներկայացնել իրենց բանակցային դիրքորոշումները երկու կլաստերներից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Այդ դիրքորոշումները ստանալուց հետո Եվրամիությունը պետք է պատրաստի և համաձայնեցնի 4-րդ և 5-րդ կլաստերների շուրջ իր ընդհանուր բանակցային դիրքորոշումները։ Դրանց հաստատման համար անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր պետությունների միաձայն համաձայնությունը։ Այս ընթացակարգերի ավարտից հետո հնարավոր կլինի անցկացնել Ուկրաինա-ԵՄ և Մոլդովա-ԵՄ միջկառավարական համաժողովներ, որոնց ընթացքում 4-րդ և 5-րդ բանակցային կլաստերները կարող են պաշտոնապես բացվել։



