Եվրոպան պետք է ստիպի Թուրքիային հարգել Ժնևի կոնվենցիան և դուրս գալ հակամարտությունից. Ռաֆայել Լարեյնա
Արցախի դեմ պատերազմի միջոցով ադրբեջանական ռեժիմը ցանկանում է կոծկել իր ներքին խնդիրները՝ փնտրելով «արտաքին թշնամի»:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բասկերի երկրի նախկին խորհրդարանի նախագահ Ռաֆայել Լարեյնան և ավելացրել, որ Ալիևի ռեժիմը թքած ունի երիտասարդ ադրբեջանցիների կյանքի վրա, որոնց ուղարկում է պատերազմում զոհվելու, ինչպես նաև հայ երիտասարդների վրա:
Ռաֆայել Լարեյնան մեզ հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հնարավոր ուղիներին, եռակողմ բանակցային ձևաչափի հնարավոր վերականգնմանը և մի շարք այլ հարցերի:
-Պարո՛ն Լարեյնա, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է կարգավորվել, քանի դեռ իշխանություն ունի ներկայիս ադրբեջանական ռեժիմը:
-Ոչ ժողովրդավարական ռեժիմները միշտ բռնություն են գործադրում: Որոշ դեպքերում նրանք դա անում են իրենց ժողովրդավարական քաղաքացիների, իսկ որոշ դեպքերում էլ՝ այլ երկրների քաղաքացիների դեմ: Իրականությունն այն է, որ Ադրբեջանի ներկայիս իշխանության ավտորիտար ռեժիմը բնութագրվում է իրենց երկրում լրագրողների հանդեպ հետապնդումների իրականացմամբ և եվրոպացի քաղաքական գործիչների կաշառակերությամբ: Ալիևը միայն մտահոգված է իր իշխանության և ընտանիքի կարգավիճակի պահպանմամբ: Ժողովրդավարական ռեժիմի պայմաններում, որտեղ հարգում են մարդու իրավունքները, մամուլի ազատությունը, ազատ կամքի արտահայտումը, այնտեղ բռնի ուժով բախումների տեղ չկա: Քաղաքական հակամարտությունները լուծվում են երկխոսության, բանակցությունների և, ի վերջո, քվեատուփում արտահայտված քաղաքացիների կամքը հարգելու միջոցով: Հուսանք, որ Ադրբեջանի քաղաքացիները վերջ կդնեն գործող ռեժիմին և կընտրեն ժողովրդավարական ռեժիմ, որը կձգտի խաղաղության:
-Արցախյան երրորդ պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ թշնամու կողմից դրսևորված ատելության նման բարձր մակարդակի պարագայում Ադրբեջանի ու Արցախի ժողովուրդների՝ կողք-կողքի բնակվելն անհնարին է: Ձեզ կարծիքով՝ արդյո՞ք Ադրբեջանի կողմից սանձազերված պատերազմը տրամաբանորեն չի հակասում այդ երկրի ղեկավարի հայտարարություններին:
-Ատելությունը սովորաբար առաջացնում են երկրների և կառավարությունների այն քաղաքական առաջնորդները, ովքեր ձգտում են կենտրոնանալ արտաքին «թշնամու» վրա, որոնց գործողություններն առաջացնում են զայրույթ սեփական քաղաքացիների շրջանում: Ժողովրդավարական կառավարության պայմաններում, որը սովորեցնում է հարգել մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված մարդու իրավունքները՝ ներառյալ 15 և 21 հոդվածները, ատելությունը ծաղկելու քիչ հնարավորություն ունի: Ալիևը՝ որպես ինքնակալ, իր խոսքին հակասում է իր գործերով, երբ քարոզում է այլատյացության ցույցեր Ադրբեջանում և Եվրոպայի տարբեր վայրերում: Բացի այդ, նա պատասխանատու է պատերազմական հանցագործությունների համար, որոնք տեղի են ունենում այս պատերազմում`խախտելով Ժնևի կոնվենցիայի նորմերը: Օրինակ՝ նա հարձակվում է քաղաքացիական օբյեկտների վրա, ավերում գյուղերն ու քաղաքները առանց պատճառի և օգտագործում արգելված պատերազմական նյութեր, ինչպիսիք են կասետային ռումբերը կամ քիմիական զենքն ու ֆոսֆորը: Դրանք պատերազմական հանցագործություններ, որոնց համար նա պետք է պատասխան տա Հաագայի միջազգային քրեական դատարանում:
-Ըստ Ձեզ, ներկա իրողություններում որ պայմանները կարող են հանգեցնել բանակցությունների ամբողջական՝ եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ) ձևաչափի վերականգնմանը:
- Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները ու ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկված եվրոպական մյուս պետությունները Գերմանիան, Իտալիան, Շվեդիան և Ֆինլանդիան, պետք է Ադրբեջանին ստիպեն դադարեցնել զինված գործողությունները՝ այնպիսի միջոցներով, որոնք միջազգայնորեն պարտադրվել են այլ կառավարություններին, ինչպես նախկինում Իրանի դեպքում: Այս միջոցառումների հետ մեկտեղ միջազգային հանրությունը պետք է պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետության անհերքելի իրողությունը: Եվրոպական ինստիտուտները պետք է դադարեցնեն մատների արանքով նայել հարցին և ավելի շատ գնահատեն հակամարտության պատճառով կորսված կյանքերն ու մարդկանց ոտնահարված իրավունքները, քան Ադրբեջանի գազի հետ կապված տնտեսական շահերը: Նրանք պետք է ճանաչեն Արցախի ժողովրդի՝ իրենց ապագան ժողովրդավարական ճանապարհով որոշելու իրավունքը:
-Թուրքիան ամեն կերպ փորձում է ներգրավվել արցախա-ադրբեջանական հակամարտության գործընթացում՝ այս պատերազմում օգտագործելով իր ողջ ներուժը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործոնների ազդեցության տակ Թուրքիան դուրս կգա հակամարտությունից:
-Թուրքիան ապակայունացնող գործոն է դարձել Միջերկրական ծովի արևելքում և Եվրոպայի դարպասում, որը Հայաստանն է: Այն բախումներ է առաջացնում Հունաստանի դեմ Էգեյան ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում և Քուրդիստանում՝ ընդդեմ քուրդ ժողովրդի և Արցախում գտնվող հայ ժողովրդի: Եվրամիությունը պետք է հավատարիմ մնա իր հիմնարար ժողովրդավարական ու հումանիտար սկզբունքներին՝ հրաժարվելով ընդունել Թուրքիայի շանտաժը, որը սպառնում է չխոչընդոտել փախստականների Եվրոպա տեղափոխմանը: Եվրոպական միությունը, դիվանագիտական խողովակներով և տնտեսական ճնշում գործադրելով, պետք է ստիպի Թուրքիային հարգել Ժնևի կոնվենցիան և դուրս գալ հակամարտությունից: Եվրոպան պետք է հետևողական լինի իր արմատներին և տնտեսական շահերի փոխարեն առաջնահերթ համարի մարդու իրավունքները: Այն պետք է գործի համերաշխ միջազգային հումանիտար արտակարգ իրավիճակների պայմաններում և ակտիվորեն գործի, որպեսզի հարյուր տարի անց եվրոպահայ ժողովրդի ցեղասպանությունը չկրկնվի: