ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՄՆ Պետդեպը հավանության է արժանացրել Թայվանին ավելի քան 1 մլրդ դոլարի զենք վաճառելու գործարքը

ԱՄՆ Պետդեպը հավանության է արժանացրել Թայվանին ավելի քան 1 մլրդ դոլարի զենք վաճառելու գործարքը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանության է արժանացրել Թայվանին 1,1 մլրդ դոլարի զենք վաճառելու գործարքը։

Պարբերականի տվյալներով՝ սա Թայվանի համար դառնալու է անվտանգության ոլորտում խոշորագույն գործարքը նախագահ Ջո Բայդենի օրոք։ Միևնույն ժամանակ աղբյուրը կասկած է հայտնել, որ Միացյալ Նահանգները կկարողանա զինամթերք մատակարարել Թայվանին Չինաստանի ակտիվության պատճառով։
Հեղինակավոր The Guardian պարբերականն, իր հերթին, մանրամասնել է, որ փաթեթը ներառելու է 355 մլն դոլարի Harpoon հականավային հրթիռներ ու 85 մլն դոլարի Sidewinder ինքնաթիռներով կառավարվող հրթիռներ, մինչդեռ միջոցների հիմնական մասը՝ 655 մլն դոլարը, ուղղված է լինելու թայվանական ՀՕՊ համակարգերի ստեղծմանն ու աջակցությանը, ինչը ներառելու է նաև հրթիռների արձակման վերաբերյալ նախազգուշացման համակարգերի ստեղծումը։
 
Պետդեպի հավաստմամբ՝ այս զինամթերքը Թայվանին անհրաժեշտ է «ինքնապաշտպանության բավարար պոտենցիալի ապահովման» համար, իսկ գործարքը համապատասխանում է «մեկ Չինաստանի» վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականությանը։
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ մտադիր է Թայվանի հետ ընդհանուր 1,1 միլիարդ դոլարի երեք պայմանագիր կնքել, որոնցով նախատեսվում է Թայվանին զենք վաճառել ու տեխնիկական ծառայություններ տրամադրել։ 
 
Այս հայտարարությանն արձագանքել էր Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենյույը՝ նշելով, որ Թայվանին զենք վաճառելու ԱՄՆ-ի մտադրությունը վտանգում է չին-ամերիկյան հարաբերությունները։ Դիվանագետը նաև հիշեցրել է, որ Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ Թայվանը ՉԺՀ-ի անբաժանելի մասն է կազմում։

  • Կիսվել: