չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը՝ նոյեմբերի 5-ին, ժամը 10։30-ին։

Նշենք, որ այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և մի խումբ այլ անձանց գործով հերթական դատական նիստը։

Դատական նիստի ընթացքում քննվեց մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը։

Մասնավորապես՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով հանրային մեղադրող Լիանա Մարկոսյանը դատարանում միջնորդել էր 3 ամսով երկարաձգել Ծառուկյանի խափանման միջոց կալանքը։ Իսկ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները միջնորդել են վերացնել կալանքը կամ կիրառել առավել մեղմ խափանման միջոց։

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի պաշտոնական հաղորդագրության՝ «տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերեւույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։ Մասնավորապես, Գ.Ծ.-ի կազմակերպմամբ եւ կառավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առեւտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաեւ համատեղ իրավաբանական անձինք։ Քննիչը վստահեցնում է, որ տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն։

  • Կիսվել: