Սոթքի հանքի բաց հատվածին, որտեղ ստորգետնյա եղանակի չեն անցել, կանդրադառնանք սահմանազատումից հետո․ ՏԿԵՆ փոխնախարար
Սոթքի հանքավայրում այս պահին աշխատում է մոտ 200-ից քիչ ավելի աշխատակից, արտադրական նախագծային հզորություններից հասնելու ժամանակ կլինի 500-ից ավելի աշխատակից․ կրճատվել է մոտ 300-400 աշխատակից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։
«Սոթքի հանքավայրը ելնելով տեխնիկատնտեսական հիմնավորումից՝ անցնում է ստորգետնյա շահագործման եղանակին։ Այսինքն՝ ստորգետնյա շահագործման և բաց հանքով շահագործման եղանակները կախված են տեխնիկատնտեսական հիմնավորումից, թե ինչ ձևով է ավելի շահավետ շահագործել։ Այն բնամասերը, որոնք այս պահին նպատակադրված են դուրս բերել ընդերքից, որպես տնտեսական հիմնավորում ընդունվել է ստորգետնյա եղանակով, որը հաստատվել է հանձնաժողովի կողմից, դա կապել որևէ այլ գործողությունների հետ չի կարելի։ Սոթքի հանքավայրը արդեն սկսել է շահագործվել ստորգետնյա եղանակով, որպեսզի հասնի նախագծային հզորություններին, այն է՝ տարեկան 400 հազար տոննա, կպահանջվի ժամանակ մինչև 2025 թվականի երկրորդ կիսամյակ։ Արդեն հասել ենք 100-150 հազար տոննա արտադրողականության, և դրան հասնելու համար ենթակառուցվածքային աշխատանքներ են պետք, որոնք ժամանակ են պահանջում»,- նշեց Հովհաննես Հարությունյանը։
Անդրադառնալով ռուսական ընկերությունների նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներին և դրա վտանգավորությունը Հայաստանի նկատմամբ՝ փոխնախարարն ասաց․ «Հայաստանի Կառավարությունն ունի որդեգրած քաղաքականություն, ներդրումների պաշտպանության քաղաքականություն, և ամեն ինչն ամրագրված է օրենքով։ Մենք բոլոր կազմակերպություններին վերաբերվում ենք այն պայմանագրերի և իրավական հարաբերությունների հիման վրա, և մեր գործող ներպետական օրենսդրության հիման վրա և իրավահարաբերվում ենք միայն դրանից ելնելով։ Աշխարհաքաղաքական գործոնները կապիտալի հետ իրավահարաբերության պատճառ ընդունված չէ դարձնել։ Եթե կլինեն այնպիսի կազմակերպություններ, որոնք այդ ցանկցիոն ռիսկերի պատճառով կունենան խնդիրներ, դրանք վերաբերյալ մենք առանձին քննարկումներ կարող ենք ունենալ, բայց որպես կառավարություն մեր վերաբերմունքը հավասար է բոլորին»։
Անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Սոթքի հանքավայրի կեսն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, դա ինչպե՞ս է ազդել ոլորտի վրա, Հարությունյանն ասաց․ «Սահմաններին կարող ենք անդրադառնալ այն պահին երբ տեղում մենք կունենանք սահմանազատված սահման և կտեսնենք որ հատվածն է Հայաստանում, և որ հատվածն է Ադրբեջանում, դրանից հետո արդեն կարող ենք խոսել նաև այն տնտեսական գնահատականի մասին, թե ինչ ունեցանք դրա արդյունքում։ Ընդհանրապես եթե հանքն աշխատում է որևէ արտադրողականությամբ և դա իջնում է, քանի որ պաշարների քանակ է նվազում, պարզ է, որ տնտեսական էֆեկտն էլ կլինի բացասական։ Այն հատվածում, որտեղ շահագործում է գնում, այդ հատվածում պետք է սկսվեր ստորգետնյա եղանակով, այն հատվածում, որտեղ բաց հանքի մյուս հատվածն էր, դրան կանդրադառնանք սահմանազատումից հետո»։