հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քանի դեռ նորակառույց շենքում գնված բնակարանի վկայականը չի տրվել, վճարված գումարի 75 տոկոսը բանկում սառեցված կմնա. Գեւորգ Պապոյան

Քանի դեռ նորակառույց շենքում գնված բնակարանի վկայականը չի տրվել, վճարված գումարի 75 տոկոսը բանկում սառեցված կմնա. Գեւորգ Պապոյան

Քանի դեռ գնված բնակարանը շահագործման չի հանձնվել, բնակարանի վկայականը չի տրամադրվել, դրա դիմաց վճարված գումարի 75 տոկոսը պետք է սառեցված լինի: Այս մասին մայիսի 23-ին ԱԺ նիստում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի զեկուցման ընթացքում:

 

«Ստեղծվել է իրավիճակ, երբ ՀՀ քաղաքացիները բնակարաններ են գնում, կառուցապատողներն ու բանկերը պայման են առաջարկում նրանց, որը ռիսկեր է պարունակում: Ենթադրենք՝ նորակառույց շենքի դեռեւս 4 հարկն է կառուցված, մարդն 8-րդ հարկում գնում է բնակարանի գնման իրավունք: Տնտեսական ցնցումների, անշարժ գույքի շուկայում գների անկման կամ այլ իրավիճակներում կառուցապատողի ֆինանսական վիճակն էականորեն կարող է վատթարանալ ու շենքի շինարարությունը կանգնել: Կստացվի՝ մարդը գնման իրավունքի գումարը տվել է, բայց շենքը չկա: Օրենսդրական նախաձեռնությունը միտված է նման ռիսկերից խուսափելուն»,- ասել է Գեւորգ Պապոյանը:

 

Պատգամավորը հիմնավորել է, թե ինչով է պայմանավորված իր նշած 75 տոկոսը: «Եթե կառուցապատողի ֆինանսական վիճակը վատթարանա ու այլեւս ի վիճակի չլինի շարունակել շինարարությունը, գնման պայմանագիր ունեցողների՝ բանկում 75 տոկոս սառեցված հաշիվների միջոցով շինարարությունն ավարտին հասցնել հնարավոր կլինի»:

Պատգամավորը նշել է նաեւ, որ վերոնշյալ 75 տոկոսները բանկում ավանդային գումարներ են լինելու, որոնց տոկոսային գումարները կառուցապատողը կկարողանա օգտագործել:

Հարակից զեկույցով հանդես է եկել Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը:

«Թող ներեն ինձ բոլոր կառուցապատողները. այդքան ցավ չեմ զգա, եթե օրենքի նախագծի ընդունման արդյունքում մի 3-4 կառուցապատող շուկայից դուրս մնա, բայց վատ կզգամ ինձ, եթե տեսնեմ՝ ՀՀ 400-500 քաղաքացի Կառավարության դիմաց բողոքում է, որ իրենց բնակարանները չկան»,- նշել է պատգամավորն ու հայտնել, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էլ նշել է, որ բազմաբնակարան շենքերի թույլտվություններն ուշացնում են, շղթան դանդաղում է, ինչը բերում է գների բարձրացման: Պատգամավորը հետաքրքրվել է՝ այս հարցը քննարկվե՞լ է հանձնաժողովում, ինչին ի պատասխան՝ Նարեկ Գրիգորյանն ասել է, որ ինքն էլ է վերահաստատում՝ խնդիրը կա, բայց այն հանձնաժողովում չի քննարկվել:

 

«Քաղաքապետարանին պետք է խնդրենք ու հորդորենք, որ շինթույլտվությունների տրամադրումն արագ կատարեն, որ բնակարանների գներն անսպասելի ու արագ չբարձրանան»,- ասել է Նարեկ Գրիգորյանը:

Հարակից զեկուցող, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշել է, որ օրենքի նախագիծը կառուցապատման ոլորտում ավելորդ ռիսկեր չի առաջացնում, այն հավասարակշռված է:

  • Կիսվել: