ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փոքր ֆերմերները պետք է գնան այլ ոլորտներում աշխատեն, թող տեղափոխվեն Երևան. Քերոբյան

Փոքր ֆերմերները պետք է գնան այլ ոլորտներում աշխատեն, թող տեղափոխվեն Երևան. Քերոբյան

Այսօր մեր գյուղատնտեսության բյուջեն շուրջ 37 մլրդ դրամ է, իսկ օրինակ, 2007-2010 թվականների 4 տարվա բյուջեն միասին վերցրած 1 մլրդ դրամ է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այդուհանդերձ, եթե համեմատենք ԵՄ երկրները ինչպիսի սուբսիդավորում են ստանում մեկ միավոր գյուղատնտեսական արտադրանքի դիմաց, մեզ մոտ անգամներով քիչ է: Այսինքն մենք՝ չնայած խիստ մեծացրել ենք գյուղատնտեսության սուբսիդավորումը, բայց դեռ շատ հեռու ենք ԵՄ մակարդակից:

Մենք հասկանում ենք, որ գյուղատնտեսությունը պետք է խոշորանա, որպեսզի դառնա ավելի բարձր արտադրողական, ավելի մրցունակ: Դա անխուսափելի է: ԵՄ-ն 10 տարում կորցրել է մոտ 4 մլն ֆերմերային տնտեսություն, 13 մլն-ը դարձել է 9 մլն: Նույն ճանապարհը սպասվում է մեզ: Այն մարդիկ, որոնք քիչ են եկամուտ են ստանում գյուղատնտեսության մեջ, կտեղափոխվեն այլ ոլորտներ:  Այն մարդիկ, որոնք մնում են գյուղատնտեսության մեջ, կխոշորանան, իրենց եկամուտները դրա հաշվին կավելացնեն»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ շատ գյուղացիներ ստիպված են քանդել իրենց այգիները, քանի որ եկամուտ չեն ստանում, նախարարն ասաց. «Եթե էմոցիաները դնենք մի կողմ, մենք հաճախ ենք ականատես լինում բիզնեսներ բացվելու եւ փակվելու պրոցեսին, դրանում ողբերգություն չկա: Գյուղատնտեսության մեջ էլ նույնն է, եթե ունենք այգի, որտեղ վատ ծառեր են տնկած կամ աճում է խաղող, որի պահանջարկը չկա շուկայում, գյուղացիները քանդում են, տեղը լոլիկ են աճեցնում: Մարդը եթե գործ է սկսում, ռիսկ է վերցնում իր վրա: Եթե չի ստացվում, մարդը կորուստներ է կրում: Համարել, որ յուրաքանչյուր ֆերմերի խնդիրները պետության խնդիրն է, սխալ է»:

Հարցին, թե քանի տարի է պետք, որ մեր երկրում գյուղատնտեսության ոլորտն այս վիճակից դուրս կգա եւ դառնա ավելի արդյունավետ, Վահան Քեչոբյանը պատասխանեց. «Գյուղատնտեսության ոլորտը վատ վիճակում չէ, մենք այսօր խոսում ենք այդ ոլորտում կառուցվածքային փոփոխությունների, ավելի արտադրողական գյուղատնտեսություն ունենալու մասին: Ես դեռ չեմ տեսել գյուղատնտեսությամբ զբաղվող մարդու, որ ունի 10 հեկտարից ավելի մեծ հող եւ բողոքում է իր կյանքից»:

Ինչ վերաբերում է փոքր ֆերմերներին, նա ասաց. «Նրանք պետք է հասկանան, որ չեն կարող աշխատել այն եկամուտը, որ անհրաժեշտ է նույնիսկ իրենց ընտանիքը լավ ապրի, էլ չեմ ասում, որ զարգացնեն իրենց բիզնեսը: Այսօր կան տասնյակ հազարավոր թափուր աշխատատեղեր տարբեր ոլորտներում, նույն գյուղատնտեսության մեջ: Վերամշակման գործարաններում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան: Շինարարության մեջ կան թափուր աշխատատեղեր, ծառայությունների, արդյունաբերության ոլորտներում: Օրերս այցելել էի «Սպայկա» ընկերություն, 300 թափուր աշխատատեղ կար: Այն մարդիկ, որոնք չեն կարողանում գումար աշխատել հող մշակելով, կարող են ավելի շատ գումար աշխատել տարբեր տեղեր աշխատելով»:

Հարցին՝ գյուղում ապրող մարդը ինչպե՞ս կարող է թափուր աշխատատեղը լրացնել, երբ այդ աշխատատեղն իրենց գյուղում չէ, անգամ իրենց մարզում չէ, նախարարը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ ամեն տեղ էլ կան խնդիրներ եւ եթե մարդն ուզում է լուծել իր խնդիրները, գտնում է լուծումները. «Մարդիկ կարող են տեղափոխվել Երեւան: Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում մարդկանց շարժունակությունը ատ վատ է: Եթե վերցնենք միջազգային չափանիշները, ՀՀ-ում մարդիկ շատ ավելի դժվարությամբ են իրենց տեղից դուրս գալիս, քան այլ երկրներում:

  • Կիսվել: