Հայկ Կոնջորյանի կինը 10 մլն աշխատավարձ կստանա՞ր, «Հայփոստի» տնօրեն կդառնա՞ր, սա կոռուպցիա չէ՞. Թովմասյանը` Նահապետյանին
Այստեղ նստած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որի կինն աշխատում է «Հայփոստ»-ում, 2021-ին թվականին նրա տարեկան աշխատավարձը, ըստ հայտարարագրի, 6.8 միլիոն դրամ էր, այդ ժամանակ արդեն Հայկ Կոնջորյանը դարձավ ֆրակցիայի ղեկավար, 2022 թվականին նրա աշխատավարձը դարձավ 9.5 միլիոն դրամ, 2023 թվականին դարձավ 10.5 միլիոն դրամ, անցած տարի էլ Հայկ Կոնջորյանի կինը դարձավ «Հայփոստ»-ի տնօրեն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 13–ին, ԱԺ-ում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի կողմից տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Այս թռիչքաձև աճը, արդյո՞ք որևէ աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ, և եթե օրինակ Հայկ Կոնջորյանը չլիներ իշխող խմբակցության ղեկավար, արդյոք նրա կինն այս կարիերայի թռիչքը կունենար»,- հարցրեց պատգամավորը:
Ինչին ի պատասխան Նահապետյանն ասաց, որ չի կարող քաղաքական բնույթի հարցադրմանը պատասխանել: «Համենայնդեպս Ձեր նկարագրած դեպքի մասով չեմ կարող նկատել որևէ կոռուպցիոն բնույթի տվյալ։ Եթե ունեք այլ տվյալներ հանցանքի վերաբերյալ, ես խնդրում եմ պատշաճ հաղորդում ներկայացնել Հակակոռուպցիոն կոմիտեում»,- ասաց նա:
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ արձագանքեց, թե «Հայփոստ»-ի տնօրենին ընտրում է խորհուրդը և որ այդտեղ որևէ կոռուպցիա չկա: