չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Քիմ Քարդաշյանը հանդես կգա որպես վկա Փարիզի դատարանում՝ իր նկատմամբ իրականացված կողոպուտի գործի շրջանակներում

Քիմ Քարդաշյանը հանդես կգա որպես վկա Փարիզի դատարանում՝ իր նկատմամբ իրականացված կողոպուտի գործի շրջանակներում

Հոլիվուդյան հանրահայտ աստղ Քիմ Քարդաշյանը մայիսի 13-ին Փարիզի դատարանում վկայություն կտա 2016 թվականին իր դեմ իրականացված զինված հարձակման գործով։ Տասը ամբաստանյալները մեղադրվում են հեռուստաաստղից 10 միլիոն դոլարի զարդեր գողանալու մեջ։ Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Ֆրանսիայի մայրաքաղաքում 2016 թվականին անցկացվող նորաձևության շաբաթվա ընթացքում դիմակավորված անձինք Քարդաշյանի վրա զենք էին պահել և նրանից գողացել թանկարժեք զարդեր, այդ թվում՝ այն ժամանակ Քարդաշյանի ամուսինը հանդիսացող ռոք երաժիշտ Քանյե Ուեսթի նվիրած մատանին՝ 3,9 միլիոն դոլար արժողությամբ։ 

Դատավարությունը գտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այն լուսաբանելու համար հավատարմագրվել է գրեթե 500 լրագրող։ 

Քիմ Քարդաշյանի փաստաբանները հայտնել են, որ նա պատրաստ է անձամբ ներկա գտնվել դատական լսումներին և դեմ առ դեմ կանգնել իր վրա հարձակվողների հետ։ 

Ակնկալվում է, որ հեռուստաաստղը վկայություն կտա տեղական ժամանակով ժամը 14։00-ին (Երևանի ժամանակով՝ 16։00-ին), այնուհետև կշփվի լրագրողների հետ։ 

2016 թ. հոկտեմբերի լույս 3-ի գիշերը տղամարդիկ ներխուժել էին հոլիվուդյան աստղի հյուրանոցային սենյակ, կապել էին նրան, թողել լոգարանում և գողանալով նրա զարդերը՝ փախուստի էին դիմել՝ մի մասը մոտոցիկլետներով, մյուսները՝ ոտքով։ 

Տղամարդիկ, որոնք գործով անցնում են որպես ամբաստանյալ, 60-70 տարեկան են և ունեն նախկին դատվածություն։

 

  • Կիսվել: