Թափառող շների խնդիրը մարտահրավեր է. էկոնոմիկայի փոխնախարարը՝ TAIEX ծրագրի շրջանակներում կայացած աշխատաժողովին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մայիսի 12-ին մասնակցել է Եվրոպական Միության «Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք» (TAIEX) ծրագրի շրջանակներում կայացած աշխատաժողովին՝ նվիրված թափառող շների վերահսկման ոլորտում Եվրոպական միության փորձի ուսումնասիրությանը։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Տաթևիկ Սարգսյանը նշել է, որ թափառող շների խնդիրը մարտահրավեր է, որի լուծումը պահանջում է միաժամանակ հաշվի առնել կենդանիների բարեկեցության, հանրային առողջության և համայնքների անվտանգության բաղադրիչները և այս համատեքստում կարևորել է համագործակցությունը Եվրոպական հանձնաժողովի հետ՝ Թայեքս (TAIEX) գործիքակազմի միջոցով։
«Համոզված եմ, որ միասին կկարողանանք գտնել այն լուծումները, որոնք առավելագույնս կհամապատասխանեն մեր երկրի առանձնահատկություններին և միջազգային չափանիշներին։ Լիահույս եմ, որ այս աշխատաժողովը կդառնա կարևոր հարթակ՝ մասնագիտական կարողությունների զարգացման, փորձի փոխանակման և արդյունավետ գործընկերային համագործակցության խթանման համար»,- նշել է Տաթևիկ Սարգսյանը։