երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ամեն ինչ մանրամասն նայեցինք, հնարավորինս անում ենք, շատ բարդ է. ջրասուզակը՝ 2-ամյա Տիգրանի որոնումների մասին

Ամեն ինչ մանրամասն նայեցինք, հնարավորինս անում ենք, շատ բարդ է. ջրասուզակը՝ 2-ամյա Տիգրանի որոնումների մասին

Տան մոտից սկսած, քանի որ ենթադրում ենք, որ այդտեղ է դեպք կատարվել, հնարավորինս մանրամասն նայելով գետով իջել ենք մինչև Աղբյուրակ լիճը, Ծովինար լիճը։  Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց փրկարար ծառայության ջրասուզակը, որը ներգրավված է 2 տարեկան Տիգրանի որոնումներում։

«Հավանական ու անհավանական բոլոր տեղերում աշխատում ենք, փոքր կոշիկ, շորի կտոր, ինչ ուզում է լինի, ամեն ինչ փորձում ենք դուրս հանել, փորձում ենք գտնել։ Ուղղակի շատ մեծ դժվարություն է, երբ տուժածը շատ փոքր է։ Դա բավականին բարդացնում է աշխատանքը Հիմա շարունակվում են աշխատանքները։ Նույն տեղերը մի քանի անգամ նայելով իջել ենք։ Կոնկրետ ես այստեղ արդեն երրորդ անգամ եմ նայել, թե ջրասուզական բալոններով, օդաբալոններով, թե այլ եղանակով։ Որտեղ ինչ գործիքով պետք է, այդ ձևով նայել ենք հնարավորինս մանրամասն։

Այնտեղ, որտեղ ուժեղ հոսքը  կա, այդտեղ վտանգավոր էր, և մտածում էինք, որ կարող է ինչ-որ պահող տեղեր լինի, այդտեղ էլ նայեցինք, հնարավորինս արեցինք, բայց այդտեղ չէր»,–ասաց նա։

Ջրասուզակը նկատեց, որ խնդիրը ոչ թե խորությունն է, այլ տեսանելիությունն ու ջրի հոսքը. «Այստեղ խորությունը 2,8 մետր է, ինչը պրոֆեսիոնալ ջրասուզակի համար խորություն չի, բայց գետի հոսքը ահավոր բարդացնում է։ Բայց անում ենք, կապ չունի՝ ինչ բարդության է։

Տա Աստված, հրաշք լինի, երեխան ողջ-առողջ լինի։ Սպասում ենք շունչներս պահած։ Ամեն մի զանգին արդեն ուրիշ ձևով ենք արձագանքում, որ մի լավ բան պիտի լսենք։

  • Կիսվել: