ՌԴ ԱԳՆ խոսնակը կետային պատասխան է խոստացել Կրակովում հյուպատոսության փակմանը
Ռուսաստանը մտադիր է կետային կերպով արձագանքել Լեհաստանի իշխանությունների՝ Կրակովում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը փակելու որոշմանը։ Այս մասին «Սոլովյով Live»–ի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հասցեական ենք արձագանքում այդ ոչ ադեկվատ քայլերին, ընդ որում` գործում ենք կշռադատված և մեր շահերին համապատասխան»,– ընդգծել է Զախարովան։
Նա նաև նշել է, որ իր որոշմամբ Վարշավան նախևառաջ հարվածում է սեփական քաղաքացիներին։ Նրա խոսքով՝ Կրակովում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակումը կբարդացնի լեհական կողմին վերաբերող մի շարք գործնական հարցերի լուծումը։
«Եթե 2022 թվականին ռուսական հյուպատոսությունների փակումը կապված էր Ռուսաստան մեկնելու ճանապարհին Լեհաստանի տարածքը հատող Ուկրաինայի քաղաքացիներին ցուցաբերվող օգնությունը կանխելու փորձերի հետ, ապա այժմ հարվածն ուղղված է նաև Լեհաստանի քաղաքացիների դեմ։ Ավելին, այդ քայլի հետևանքները առաջին հերթին կզգա լեհ հասարակությունը», – նշել է դիվանագետը։