կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Որո՞նք են բենզինի և դիզվառելիքի ներմուծման ռիսկերը. Բաբկեն Թունյանը պարզաբանում է

Որո՞նք են բենզինի և դիզվառելիքի ներմուծման ռիսկերը. Բաբկեն Թունյանը պարզաբանում է

Որպես խնդրի լուծման առաջարկ՝ ՏՄՊՊՀ-ն առաջարկել է հնարավորության դեպքում նվազեցնել միջնորդ կազմակերպությունների մասնակցությունը ներմուծման գործընթացին։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով բենզինի և դիզվառելիքի ներմուծման հարցերին:

«Կարդացի բենզինի և դիզվառելիքի ապրանքային շուկաներում ՏՄՊՊՀ-ի (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) իրականացրած վերլուծությունը։

Որ՞ն էր դրա գլխավոր մեխը՝ ըստ իս։ Նախկինում, երբ մենք ՏՄՊՊՀ-ին հորդորում էինք ներկայացնել վառելիքի շուկայի ընդհանուր պատկերը, շուկայի կառուցվածքը և գնագոյացման մեխանիզմը, ՏՄՊՊՀ-ն խոսում էր գրեթե ամեն ինչի մասին, բացի այդ օղակի մի կարևոր շղթայից, որը կոչվում է «Ռոսնեֆտ-Արմենիա»։

Այս անգամ ՏՄՊՊՀ-ն հստակ նշել է, որ Հայաստան մտնող բենզինի և դիզվառելիքի գերակշիռ մասը ձեռք է բերվում Ռուսաստանից, իսկ Ռուսաստանից եկող վառելիքն էլ ձեռք է բերվում «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է «ՆԿ Ռոսնեֆտ»-ի դուստր ընկերություն։
Այսինքն՝ ներմուծող ընկերությունները («Ֆլեշ», «CPS» և այլն) վառելիքը ձեռք են բերում ոչ թե անմիջապես արդյունահանող/վերամշակող ընկերությունից, այլ միջնորդ կազմակերպությունից։

ՏՄՊՊՀ-ն սա ներկայացրել է որպես կոնկրետ խնդիր, որովհետև վառելիքի միջնորդավորված մատակարարումը էական ազդեցություն է թողնում ՀՀ ներքին շուկայում սպառվող վառելիքի վերջնական գնի վրա։ Այլ կերպ ասած՝ ինչ-որ մեկը մտել է այս շղթա և տանում է իր շահույթը՝ ազդելով գնի վրա (ՏՄՊՊՀ-ի ներկայացրած այս սխեմայում այդ միջնորդը երկրորդն է՝ դեղին գույնով)։

Թե կոնկրետ որքանո՞վ է միջնորդների առկայությունը ազդում գնագոյացման վրա, ՏՄՊՊՀ-ն չի կարողացել գնահատել որովհետև համապատասխան պայմանագրերը և ինֆորմացիան բացակայում են։ Ընդ որում, ըստ ՏՄՊՊՀ-ի, միջնորդ կազմակերպությունների միջոցով արտոնյալ պայմաններով վառելիքի ձեռքբերումը կարող է առաջացնել մի շարք ռիսկեր, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ մրցակցային միջավայրի վրա։

Որպես խնդրի լուծման առաջարկ՝ ՏՄՊՊՀ-ն առաջարկել է հնարավորության դեպքում նվազեցնել միջնորդ կազմակերպությունների մասնակցությունը ներմուծման գործընթացին։

Սա միակ խնդիրը չէ։ Զեկույցում նշված են նաև այլ խնդիրներ և առաջարկներ՝ սկսած բենզինի որակից և լաբորատորիաներից՝ մինչև շուկայի կենտրոնացվածություն և պահանջարկի էլաստիկություն։

Քանի որ թեման շատ կարևոր է և ուղղակիորեն առնչվում է հարյուր հազարավոր մարդկանց, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջիկայում կկազմակերպենք աշխատանքային հանդիպում, որի ընթացքում կքննարկենք այս զեկույցը, անպատասխան մնացած որոշ հարցեր և նշված խնդիրների լուծման հնարավոր ճանապարհները»։

  • Կիսվել: