Ապացույց չունենք, որ Իրանը կապ ունի «Flydubai»-ի ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի հետ. ԱՄՆ փոխնախագահ
ԱՄՆ-ն ապացույց չունի, որ Իրանը կապ ունի «Flydubai»-ի ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի հետ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Չէի ասի, որ այս պահին ինչ-որ համոզիչ բան եմ տեսել», – ասել է Վենսը՝ պատասխանելով ենթադրյալ կապի ապացույցների մասին հարցին:
ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ պետք է սպասել ամերիկյան հետախուզության պատասխանատուների եզրակացություններին: Նա հավաստիացրել է, որ այդ հարցն ուսումնասիրվում է։
Նշենք, որ ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ «Flydubai»-ի չվերթի հետ կապված միջադեպն անփութորեն ծրագրված էր, որպեսզի մեղադրեն Իրանին կամ տարածաշրջանի այլ երկրներին:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 30-ին «Flydubai»-ի` Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ինքնաթիռն առևանգման ազդանշան էր տվել, իսկ որոշ ժամանակ անց վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում: Ավիաընկերությունն ավելի ուշ հաստատել էր, որ թռիչքի ընթացքում օդաչուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ավելի ուշ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ օդաչուներից մեկը դանակահարել է մյուսին և ցանկացել է կործանել ինքնաթիռը։
Իսրայելի իշխանությունները կատարվածը ահաբեկչության փորձ անվանեցին։ ԱՄԷ-ի գլխավոր դատախազությունը, որը վարում է միջադեպի հետաքննությունը, նույնպես հայտարարեց, որ նախնական եզրակացությունները վկայում են ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձի մասին: Գերատեսչությունը հստակեցրեց, որ երկրորդ օդաչուն ինքնաթիռի վթարային կացնով հարձակվել է օդանավի հրամանատարի վրա և փորձել է վերահսկողություն ստանալ օդանավի նկատմամբ:



