ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մեր պարտատոմսերի նկատմամբ ունենք մեծ հետաքրքրություն աշխարհի խոշոր ներդրումային ընկերությունների կողմից. նախարար

Մեր պարտատոմսերի նկատմամբ ունենք մեծ հետաքրքրություն աշխարհի խոշոր ներդրումային ընկերությունների կողմից. նախարար

Մեր կառավարության և՛ 2018, և՛ 2021 թվականի ծրագրում հատուկ տեղ է տրվում արժեթղթերի շուկայի զարգացմանը և ուրախ եմ արձանագրել, որ մենք այդ ճանապարհին քայլեր ենք արել՝ օրենսդրական որոշ փոփոխություններ: Այդ մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարության նախորդ նիստում մենք որոշում կայացրինք, որ աջակցություն կցուցաբերենք այն ընկերություններին, որոնք կգնան ցուցակման, բաց բաժնետիրացման, այսինքն՝ բաժնետոմսեր և պարտատոմսեր բորսայում թողարկելու ճանապարհով: Երբ որ ընկերություններն իրենց որոշակի մասնաբաժինը բորսայում հանում են վաճառքի, այսինքն՝ հնարավորություն են տալիս, որպեսզի քաղաքացիները, կազմակերպությունները կա՛մ պարտատոմսեր ձեռք բերեն, կա՛մ բաժնետոմսեր ձեռք բերեն»,- ասաց Փաշինյանը: 

Վարչապետը նշեց, որ աջակցության որոշակի մեխանիզմ է ստեղծվել: «Մասնավորապես, պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար տեղաբաշխման անվանական ծավալի 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 30 մլն դրամը, մենք օժանդություն ենք տրամադրում ընկերություններին մի կետով, պարտատոմսերի շրջանառության համար տեղաբաշխման անվանական ծավալի 3-ական տոկոսի չափով 1-ին 3 տարիների համար, բայց ոչ ավել, քան 45 մլն դրամի օժանդակություն՝ շրջանառության յուրաքանչյուր 12 ամսի համար: Բաժնետոմսերի թողարկման համար փաստացի կատարման ծախսերի 80 տոկոսի չափով օժանդակություն արտաքին աուդիտի բանկային և բորսայական ծառայությունների ծախսերը կապված թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման հետ փոխհատուցելու կամ օժանդակելու համար, միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի 50 տոկոսի չափով սուբսիդավորում, սակայն ՀՀ-ում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակման դեպքում՝ 1-ին տարվա ծախսերի մինչև 80 տոկոսի չափով սուբսիդավորում, 30 տոկոս՝ ի հավելումն նախորդ 50 տոկոսի, եթե պահպանվել են պարտատոմսերի վերաբերյալ նախագծով նախատեսված պահանջները: Ահա, ցուցակման գնացող ընկերությունների համար Կառավարության նախորդ նիստում այսպիսի օժանդակության փաթեթ էինք ընդունել»,- ասաց նա:

«2018 թվականի և հետագա մեր քննարկումներում առանցքային տեղ է զբաղեցնում այն, որ արժեթղթերի շուկայի զարգացումը կարող է դառնալ այն նոր կոմպոնենտը, որը ոչ միայն տնտեսական զարգացման նոր խթան կդառնա, այլև մարդկանց սոցիալական և տնտեսական ակտիվության և սոցիալական պաշտպանվածության նոր մեխանիզմ կդառնա»,- նշեց Փաշինյանը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ Կառավարությունը և Ֆինանսների նախարարությունը կապիտալ շուկայի զարգացման մեջ էական դեր են  խաղում այն իմաստով, որ պետական գանձապետական պարտատոմսերի լիկվիդայնությունը և նրանց շուկայի զարգացումը էական ազդեցություն են ունենում և շուկա է ձևավորում: «Նույն վարկանշային կազմակերպություններն ուղղորդվում են սուվերեն վարկանիշով և մեր պարտատոմսերի գնանշումները հետագայում ուղենիշ են հանդիսանում մասնավոր ընկերությունների համար: «Այստեղ պետք է մեծ ուրախությամբ նշեմ, որ մեր պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը վերջին ամիսներին էականորեն փոխվել է, և մենք ունենք մեծ հետաքրքրություն աշխարհի խոշորագույն ներդրումային կազմակերպությունների և բանկերի կողմից, ովքեր մեծ ցանկություն ունեն ներդրում կատարել պետական գանձապետական պարտատոմսերով դրամով գնանշված»,- ասաց նա:

  • Կիսվել: