Ինտենսիվ այգիների տարածքները 10 անգամ ավելացել են. Փաշինյան
Այս տարի էական շարժ է արձանագրվել ինտենսիվ գյուղատնտեսության առումով: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց. ՛՛2019 թ. ընթացքում ինտենսիվ այգիների տարածքները 2018-ի համեմատ աճել էին 2.5 անգամ: Իսկ 2020 թ. դրանք 2019 թ. համեմատ աճել են 10 անգամ՝ 53 հեկտարից դառնալով 518 հեկտար՛՛:
Փաշինյանն անդրադարձավ նաև թարմ մրգի և բանջարեղենի արտահանման ծավալներին՝ նշելով, որ նախորդ տարվա նկատմամբ որոշակի աճ ենք ունեցել. ՛՛2%-ի աճ ենք ունեցել: Բայց գնային առումով աճը կազմել է 37%: Սա նշանակում է, որ սա էլ կապ ունի ինտենսիվ այգեգործության հետ: Երբ գնային ավելի բարձր սեգմենտի արտադրանք է արտահանվում, իսկ գնային ավելի բարձր սեգմենտի արտադրանքն արտադրվում է ինտենսիվ այգիներում՛՛:
Նրա խոսքով՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոլորտում ներդրումներ արած մարդիկ ռեալ և իրական շանս ունեն ու հետ են ստանում իրենց կատարած ներդրումները: ՛՛Գյուղատնտեսական տարին լավատեսությամբ ենք մեկնարկում: Երեկ Ջրային կոմիտեից մեզ զեկուցեցին, որ ձյան շերտն այնպիսին է, որ հույս ունենք ջրային պաշարների մեծ խնդիրներ առնվազն չենք ունենա՛՛,-ասաց վարչապետը: