Հունաստանը համաձայնել է մինչև 4 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան սպառազինության գործարք կնքել. Reuters
Հունաստանը համաձայնել է մինչև 4 միլիարդ դոլար ծախսել իր F-16 կործանիչների արդիականացման և ԱՄՆ-ից ժամանակակից հրթիռներ ձեռք բերելու համար։ Այս մասին Reuters-ին հայտնել Է երկու բարձրաստիճան աղբյուր։
Հունաստանն արդեն իսկ նախատեսել էր մինչև 2036 թվականը մոտ 28 միլիարդ եվրո ծախսել ամերիկյան արտադրության F-35 կործանիչներ և ուղղաթիռներ ձեռք բերելու, ինչպես նաև իսրայելական սպառազինությամբ «Աքիլլեսի վահան» բազմաշերտ հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համար։
Հունաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ գնումների մեծ մասն արդեն ներառված է կառավարության՝ պաշտպանության ոլորտին վերաբերող բազմամյա ծրագրում և լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի ստեղծի երկրի ֆինանսական համակարգի համար։ Երկրի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան էլ հաստատել է վերոնշյալ տեղեկությունը՝ հավելելով, որ ծախսերը կփակվեն մի քանի տարվա ընթացքում։
Աթենքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցները համաձայնության են եկել անվտանգության համատեղ ծրագրի շուրջ, որը նախատեսում է իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակում՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում։
Թուրքիայի հետ երկարատև վեճի պատճառով Հունաստանը պաշտպանության ոլորտին է հատկացնում իր ՀՆԱ-ի գրեթե 3,5%-ը, ինչն ավելի բարձր ցուցանիշ է, քան ՆԱՏՕ-ի անդամ շատ այլ երկրներում։



