ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
«Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը Ստեփանավանում արձանագրել է վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպք

«Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը Ստեփանավանում արձանագրել է վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպք

«Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը Ստեփանավանում արձանագրել է վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման 11 դեպք։

Առաքելության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական գործընթացի շրջանակում «Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը մշտադիտարկել է Ստեփանավան համայնքի և վարչական բնակավայրերի հետ առնչվող տեղեկատվական հարթակների հրապարակումները։

Օգոստոսի 21-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «Դիմակայուն Ստեփանավան», «Վարդաբլուրի Գյուղապետարան» և «Գարգառի տեղեկատվական անկյուն» էջերում արձանագրվել է 11 դեպք, երբ տարածվել են «Գործարար» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ու դրանց թեկնածուների նախընտրական բնույթի նյութեր՝ պաստառներ, քարոզչական գրառումներ, տեսանյութ և քվեաթերթիկի համարներ։

Դեպքերից 7-ը տեղի է ունեցել մինչև նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը (սեպտեմբերի 30), 4-ը՝ քարոզչության ընթացքում։

Դիտորդական առաքելությունը այս դեպքերը գնահատում է որպես վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման ռիսկ պարունակող դեպքեր, որոնք կարող են ազդել ընտրություններին մասնակցող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմանների վրա։ Վերջնական իրավական գնահատականը վերապահվում է իրավասու մարմիններին։

«Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը շարունակում է դիտարկել Ստեփանավան համայնքի ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանը։

  • Կիսվել: