Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Սաուդյան Արաբիայի 3 քաղաքացի է զոհվել
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա երկու հարձակման հետևանքով թագավորության 3 քաղաքացի է զոհվել, հայտնել է երկրի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն այն բանից հետո, երբ Եմենի հութիները հայտարարել են օդանավակայանը թիրախավորելու մասին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Վարչությունը հավելել է, որ հարձակումների հետևանքով նաև վիրավորվել են Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքացիներ և երկրում բնակվող օտարերկրացիներ։
Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին. առաջին հարվածի տակ է հայտնվել օդանավակայանը, իսկ երկրորդ հարվածը հասցվել է Saudia պետական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռին։ Ավիաընկերության հաղորդմամբ՝ զոհվածների թվում է եղել նաև օդաչուներից մեկը։
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով՝ օդային երթևեկությունն արդեն վերականգնվել է բնականոն ռեժիմով։
Եմենի հութիները հայտարարել են, որ օդանավակայանի ուղղությամբ երկու հրթիռ են արձակել։ Խմբավորումը հայտնել է նաև Եմենի հետ սահմանակից Նաջրան քաղաքի օդանավակայանը և ավելի հյուսիս գտնվող Խամիս Մուշաիթի ավիաբազան թիրախավորելու մասին։ Սաուդյան Արաբիան այս հարձակումների վերաբերյալ պաշտոնական հաստատում չի ներկայացրել։
Հոկտեմբերի 6-ին և 7-ին ևս հութիները հարվածել էին Սաուդյան Արաբիայի երկու օդանավակայանի. հարվածների հետևանքով երեք մարդ էր զոհվել, 28-ը՝ վիրավորվել։
Եմենում վերջին ամիսներին վերսկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան աջակցում է երկրի կառավարական ուժերին։ Հութիները, բացի կառավարական ուժերին հարվածներից, նաև թիրախավորում են Սաուդյան Արաբիան։



