ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԱՄՆ կոնգրեսի ավելի քան 100 անդամ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ է արել ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին, քանի դեռ Բաքուն կոնկրետ քայլեր չի ձեռնարկել հայ գերիներին ազատ արձակելու, հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու և Հայաստանի տարածքից զորքերը դուրս բերելու ուղղությամբ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Հոկտեմբերի 5-ով թվագրված նամակն ստորագրել են 26 սենատոր և Ներկայացուցիչների պալատի 75 անդամ։ Նախաձեռնության հեղինակներն են սենատորներ Գարի Փիթերսն ու Ադամ Շիֆը, ինչպես նաև կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսն ու Ֆրենկ Փալոնը։

Դիմումին աջակցել են երկու կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը։ Օրենսդիրները կոչ են արել վերսկսել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների կիրառումը։

Նրանց գնահատմամբ՝ սահմանափակումների կիրառման կասեցումը Բաքվին չի դրդել ազատ արձակել հայ գերիներին, իսկ առանց այդ հարցերի լուծման կասեցման երկարաձգումը կարող է նպաստել տարածաշրջանի հետագա ապակայունացմանը։ Նամակն ստորագրած օրենսդիրները նաև վկայակոչել են այս տարվա ապրիլին Ստեփանակերտում հայկական երկու եկեղեցու քանդման մասին հաղորդումները և նշել, որ ադրբեջանական զորքերն զբաղեցնում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի շուրջ 241 քառ. կմ-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի օգոստոսին կասեցրել էր 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների կիրառումը։ ANCA-ի տվյալներով՝ 2026 թվականի հուլիսին նա Կոնգրեսին տեղեկացրել էր այդ միջոցառման գործողությունը երկարաձգելու մտադրության մասին։ 2025 թվականի մարտին Կոնգրեսի 60 անդամից կազմված խումբն արդեն կոչ էր արել Ռուբիոյին կիրառել 907-րդ հոդվածը և դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին։

Օրենսդիրները վկայակոչել էին Արցախի հայերի նկատմամբ հետապնդումները, Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի ներկայությունը և հայ գերիների պահումը։

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: