շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արտադրական կանեփի միակ արտադրողը «ախորժակը» կորցրել է իր բիզնեսի նկատմամբ, ուզում է փակվել. Քերոբյան

Արտադրական կանեփի միակ արտադրողը «ախորժակը» կորցրել է իր բիզնեսի նկատմամբ, ուզում է փակվել. Քերոբյան

ՀՀ–ում արտադրական կանեփի վերամշակման գործընթացով զբաղվել ցանկացող տնտեսվարող սուբյեկտները խոչընդոտների են բախվել։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը` խոսելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեց` երբ քննարկում էին արտադրական կանեփի վերամշակման գործընթաց սկսելու մասին, խոսվում էր միլիոնավոր դոլարների շրջանառության, եկամուտների մասին։ Այսօր պատգամավորը չի հասկանում, թե ինչն է պատճառը, որ նման եկամտաբեր և գրավիչ բիզնեսով զբաղվում է ընդամենը 1 ընկերություն, այն էլ՝ կիսատ–պռատ։

«Գործընկեր նախարարությունների և իրավապահ մարմինների հետ սերտ աշխատելով ստացվել է այնպես, որ բոլոր դիմումները, որոնք ներկայացվել են և իրավապահների կողմից առարկություններ չեն ստացվել` բավարարվել են։ Դրանից հետո դիմումատուները խնդիրներ են վերհանել, խոչընդոտներ ներկայացրել։ Դրանցից 3-ը նոր փոփոխություններով կլուծվեն։ Խնդիրները կապված են բիզնես ծրագրերի, 1 տարի ժամկետով լիցենզիա տրամադրելու (նախատեսվում է ժամկետը փոխել 2 տարվա), ինչպես նաև քվոտաների վերանայման հետ»,– նշեց Նանուշյանը։

Առողջապահության փոխնախարարը վստահեցրեց` այժմ օրենքը բարելավում են, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները խոչընդոտների առաջ չկանգնեն։

Բաբկեն Թունյանը նաեւ հետաքրքրվեց, թե արտադրական կանեփի արտադրության օրինագծում կատարվող փոփոխությունը ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա:

Նիստին ներկա էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին նշեց. «Երբ երկու տարի առաջ քննարկվում էր, թե ի՞նչ մոդելով պետք է արտադրական կանեփը զարգանա, մենք դիտարկում էինք այնպիսի կարգավորումներ, որի արդյունքում կստեղծվի ոլորտը, որի մասնաբաժինը զգալի կլինի մեր տնտեսության մեջ:

Հիմա՝ երկու տարի անց, երբ մենք ունենք միակ ընկերությունը, որն էլ ախորժակը կորցրել է այս բիզնեսի նկատմամբ և փակվելու մտադրություն ունի՝ կարիք կա ընդհանրապես մոդելը վերանայելու»:

Ըստ էկոնոմիկայի նախարարի արտադրական կանեփի բիզնես մուտքի, լիցենզավորման և այլ վճարները մնում են շատ բարձր. «Ընդհանուր կարգավորումներն այնքան կաշկանդող են, որ այս փոփոխությունների արդյունքում մենք տնտեսական փոփոխություն չենք ունենալու և հնարավոր է սրանից հետո մեկ տնտեսվարող սկսի աշխատել և մի քանիսն էլ լինեն, բայց այն կլինի մեկ ձեռքի մատների վրա հաշվվող ընկերություններ»,-ասեց Քերոբյանը:

Նախարարն առաջարկեց նստել, մոդելի փոփոխության ուղղությամբ մտածել, այլ ռազմավարություն մշակել ոլորտի զարգացման համար:

Ըստ նախարարի՝ դա նաև գյուղատնտեսության ճյուղ է, նաև հնարավորություն կա դեգրադացված հողերի վրա այդ արդյունաբերությունը զարգացնել, լավացնել հողերը, զարգացնել գյուղատնտեսությունը:

Քերոբյանը հայտնեց, որ կար այլընտրանքին մոդելը իր ղեկավարած նախարարությունում, բայց երկու տարի առաջ ընդունվել է Առողջապահության նախաարության մոդելը:

Բաբկեն Թունյանը կարծիք հայտնեց, որ նախագիծը էական խնդիր չի լուծելու, բացի այդ՝ վստահ չէ, որ այն լրացուցիչ խնդիրներ չի առաջացնելու: Պատգամավորը ցանկություն հայտնեց առանձին աշխատանքային քննարկման ձևաչափով խոսել դրանց մասին. «Կարծում եմ՝ եթե տնտեսվարողները 2 տարի դիմացել են, 1 ամիս էլ կդիմանան»,-ասաց նա՝ առաջարկելով հետաձգել նախագիծը:

Փոխնախարարը, սակայն, դեմ արտահայտվեց հետաձգելուն՝ հավելելով, որ տնտեսվարողներն այդպիսով շարունակելու են խոչընդոտներ ունենալ:

Թեև նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ, սակայն կքննարկվի լիագումար նիստում:

  • Կիսվել: