ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կան որոշ դրույթներ, որոնք պարզաբանման կարիք ունեն. Թունյանը՝ արտադրական կանեփի նախագծի մասին

Կան որոշ դրույթներ, որոնք պարզաբանման կարիք ունեն. Թունյանը՝ արտադրական կանեփի նախագծի մասին

2 տարի առաջ ընդունվել է փոփոխությունների փաթեթ, որով հնարավորություն է տրվում Հայաստանում արտադրական կանեփի արտադրություն սկսել: 1,5 տարվա ընթացքում, երբ օրենքը սկսեց կիրառվել, առաջ են եկել խնդիրներ, որոնց լուծման նպատակով Առողջապահության նախարարությունը ներկայացրել է «Թմրամիջոցների և հոգեմետ նյութի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ:

Ազգային ժողովում այն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը ներկայացնելիս Լենա Նանուշյանը նշեց, որ նախ առաջարկվում է հանել բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջը: Առաջարկվում է նաև լիցենզիայի համար դիմելու ժամկետը՝ 1 տարին, երկարացնել՝ դարձնելով 2 տարի: Մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է հանել քվոտաների քանակական խախտումը՝ որպես լիցենզիայի դադարեցման հիմք սահմանող պահանջը:

«Ներկա օրենքով քվոտայի ցանկացած փոփոխություն հանգեցնում է լիցենզիայի դադարեցման, և մենք առաջարկում ենք օրենքի նախագծով, որպեսզի քանակական որոշակի խախտումների հնարավորություն տրվի»,- ասաց նա:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ կան որոշ դրույթներ, որոնք շարունակում են խնդրահարույց մնալ և պարզաբանման կարիք ունեն, և որ ժամանակ չի եղել բոլոր հարցերը մինչև երկրորդ ընթերցում քննարկելու:

«Հասկանում ենք, որ նախագիծն ունի բարելավող ազդեցություն, այսինքն՝ այն գործող կարգավորումների համեմատ 1 քայլ առաջ է, բայց մյուս կողմից՝ պատգամավորների մոտ 2 ուղղությամբ հարցեր կան. առաջին՝ արդյոք այս նախագծով լուծո՞ւմ ենք այն բոլոր խնդիրները, որոնք խանգարում են ոլորտի զարգանալուն, և երկրորդ՝ արդյոք այս նոր կարգավորումներով լրացուցիչ խնդիրներ կամ ռիսկեր չե՞նք առաջացնում: Դրա համար հանձնաժողովում մենք կարծիք ենք հայտնել, որ նախագիծը լրացուցիչ քննարկման կարիք ունի, և տնտեսվարողները, որոնք սպասում են այս բարելավող դրույթներին, չնայած իրենց համար ցանկալի է ավելի երկար սպասել, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ ավելի լավ է ունենալ վերջնական, ամբողջական քննարկված և խնդիրները մաքսիմալ լուծող տարբերակ»,- ասաց նա:

Թունյանը նաև առաջարկեց արտադրական կանեփի մասին նախագիծը չընդունելու նպատակով ձեռնպահ քվեարկել, որից հետո հիմնական զեկուցողի առաջարկով այն կվերադարձվի առաջին ընթերցման ռեժիմ, քանի որ նախագիծը ևս 1 անգամ հետաձգելու տեխնիկական հնարավորություն չկա:

  • Կիսվել: