երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առողջապահական համակարգում տարբեր խնդիրներ կան, որոնց լուծմամբ նախարարությունը զբաղվում է տարբեր բարեփոխումների շրջանակում. Նանուշյան

Առողջապահական համակարգում տարբեր խնդիրներ կան, որոնց լուծմամբ նախարարությունը զբաղվում է տարբեր բարեփոխումների շրջանակում. Նանուշյան

Բազմաթիվ են դիմումները, երբ քաղաքացիները դիմում են պետպատվերի շրջանակում հասանելիք դեղորայքը ստանալու համար, իսկ բժիշկները հաճախ քաղաքացիներին ուղղորդում են այլ դեղամիջոց գնելու: Խոսքը հատկապես օնկոլոգիական հիվանդություններ ունեցողներին է վերաբերում: Այս մասին ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հարց ուղղելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին և հետաքրքրվելով, թե ինչպես է ձևավորվում դեղերի այն ցուցակը, որն անհրաժեշտ է պետպատվերի շրջանակում այս կամ այն հիվանդությունը բուժելու համար:

«Բավական մեծ թվերի մասին է խոսքը: Վերջերս 800 հազար դրամանոց դեղ էին խնդրել գնել արյան լեյկոզ ունեցող զինհաշմանդամին: Արդյոք շուկայում կա՞ այդ ալտերնատիվը, որը պետությունը չի գնում, իսկ եթե չի գնում, ի՞նչ պատճառով ավելի լավը չի գնում, իսկ եթե չկա ավելի լավ ալտերնատիվ, ինչո՞ւ է այդ դեպքում մարդկանց մոտ այս խնդիրը առկա»,- ասաց պատգամավորը:

Նանուշյանի խոսքով՝ առողջապահական համակարգում տարբեր խնդիրներ կան, որոնց լուծմամբ ներկայումս ՀՀ առողջապահության նախարարությունը զբաղվում է տարբեր բարեփոխումների շրջանակում, այդ թվում՝ դեղերի գների, ցանկի կարգավորման ուղղությամբ:

«Դուք էլ, հաստատելով պետական բյուջեն, ակնառու տեսնում եք՝ որքան բյուջե է հատկացվում դեղերի ձեռքբերման համար պետության կողմից, և այդ դեղերի ցանկը հաստատվում է նախարարի հրամանով: Այս պահին ցանկի կազմավորման ընթացքում հաշվի են առնվում դեղերի հասանելիությունը, գրանցման առկայությունը Հայաստանում, հաշվի է առնվում հիվանդության տարածվածությունը, բուժման պրոտոկոլների առկայությունը և դրանցում գրանցված դեղերի ձեռքբերման անհրաժեշտությունը: Այս դեպքում չեմ կարող որևէ հատուկ դեղի մասին տեղեկատվություն տրամադրել, եթե ձեզ հետաքրքրում է, կարող եք գրավոր դիմել, կարող ենք պարզել, հասկանանք՝ արդյոք դա տրամադրվո՞ւմ է պետական պատվերի շրջանակում, թե՞ ոչ»,- պատասխանեց Նանուշյանը:

Նրա խոսքով՝ բժշկագիտությունն այնքան արագ է զարգանում, և ամբողջ աշխարհում դեղերի գներն այնքան բարձր են նորագույն մեթոդների բուժման ընթացքում, որ հնարավորություն չի լինում շատ հաճախ թանկարժեք դեղորայքով ապահովել պետական բյուջեի շրջանակներում:

«Դուք շատ լավ գիտեք, որ պետական բյուջեի միջոցներն էլ սուղ են եղել անցած տարիների ընթացքում, բայց վերջին տարիների ընթացքում բավականաչափ մեծ բարձրացում է նախատեսվել, և դրա շրջանակներում էլ աստիճանաբար մեծացել է այն դեղորայքի շրջանակը, որը տրամադրվում է պետության կողմից: Այնպես որ, կլինեն դեղեր, որոնք երբևիցե չեն ընդգրկվի ցանկում՝ ելնելով և՛ դրանց գրանցման առկայությունից, և՛ գնից, բայց հարցը նախարարությունը պահում է իր ուշադրության կենտրոնում»,- նշեց առողջապահության փոխնախարարը:

  • Կիսվել: