ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ-ի և Վրաստանի միջև ձևավորվել են քաղաքական, տնտեսական, ջերմ մարդկային հարաբերություններ, պետք է այնպես անել, որ դրանք ինստիտուցիոնալ դառնան. Փաշինյան

ՀՀ-ի և Վրաստանի միջև ձևավորվել են քաղաքական, տնտեսական, ջերմ մարդկային հարաբերություններ, պետք է այնպես անել, որ դրանք ինստիտուցիոնալ դառնան. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ 2022 թվականին ապրանքաշրջանառությունը տպավորիչ է եղել։

Նա պարզաբանեց, որ երբ 2019 թվականին Վրաստանի վարչապետը այցելել է Հայաստան, նախատեսվում էր ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի, եւ այսօր կողմերը մոտեցել կամ գերազանցել են այս ցուցանիշը։

Վարչապետի խոսքով՝ անցած տարի Վրաստան է արտահանվել ավելի շատ էլեկտրաէներգիա, քան նախորդ 10 տարիներին միասին։

Միաժամանակ Փաշինյանը հավելեց, որ բարձր աճն ունի իր խնդիրները, քանի որ տեմպերը պետք է պահպանվեն, այլապես հետընթաց կլինի։ «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ձեւավորվել են քաղաքական, տնտեսական, ջերմ մարդկային հարաբերություններ։ Պետք է այնպես անել, որ այդ հարաբերությունները ինստիտուցիոնալ դառնան։ Այն, որ Հայաստանի քաղաքացիները կարող են նույնականացման քարտերով հատել Վրաստանի սահմանը, դա տնտեսական, քաղաքական եւ մշակութային գործոն է։ Սա կնպաստի հարաբերությունների զարգացմանը», - ընդգծեց կառավարության ղեկավարը։

Նա հայ-վրացական հարաբերությունների կարեւորագույն ցուցանիշ համարեց այն, որ անցյալ տարվանից տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը ղեկավարում են երկու երկրների վարչապետները։

«Մենք քննարկում ենք Հայաստանում վրացերենի եւ Վրաստանում հայոց լեզվի ուսուցման որակի ընդլայնման եւ բարձրացման հարցը», - հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ հայտարարեց, որ մտադիր է քննարկել ստաժի փոխճանաչման հարցը։

  • Կիսվել: