երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Նոր խթան ՏՏ ոլորտի զարգացմանը

«Հայաստանի Հանրապետություն». Նոր խթան ՏՏ ոլորտի զարգացմանը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հաշվի առնելով ՏՏ ոլորտում ներգրավված անձանց գիտական նշաձողի ու կրթական ծրագրերի կարեւորությունը, ՀՀ կառավարությունը պատրաստվում է  խրախուսել երիտասարդ ձեռներեցներին` թույլ տալով նրանց կատարելագործելու գիտելիքները ՏՏ ոլորտում եւ ձեռք բերելու միջազգային փորձ: Առաջին անգամ պետական կրթաթոշակ կսահմանվի հայ երիտասարդների համար` ուսանելու  ԱՄՆ  Սիլիկոնային հովտում:

Կրթական ծրագրի նախաձեռնողը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարությունն է, որը եւ կֆինանսավորի հայ ձեռներեցների ուսման ծախսերը: Ուսման տեւողությունը կլինի 7 շաբաթ, իսկ դասընթացները կանցկացվեն Դրեյփերի համալսարանում: Ի դեպ, կրթական հարթակն արդեն բաց է  ընդունելության համար: Դիմել կարող են 21 տարին լրացած այն անձինք, ովքեր ունեն ձեռնարկատիրական փորձ, ՏՏ ոլորտը բեկող գաղափար, որը ցանկանում են իրագործել Հայաստանում, լավագույնս տիրապետում են անգլերենին եւ պատրաստ են իրենց ձեռք բերած գիտելիքներով  կիսվել մարզերի ուսանողների եւ ապագա ձեռնարկատերերի հետ:

Նախաձեռնության կարեւորությունն ու առանձնահատկությունը,  ըստ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի, դասընթացների անցկացման վայրն է՝ հաշվի առնելով այն, որ հայկական բոլոր խոշոր ՏՏ կազմակերպությունների հիմնական շուկան ԱՄՆ-ն է, մասնավորապես՝ Սիլիկոնային հովիտը:

Նշենք, որ  մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ հունվարի 27-ը»:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: