Այնքան էլ ճիշտ չէ էլեկտրամատակարարմանը նվիրված քննարկումը ներկայացնել որպես ՀԷՑ-ը զավթելու փորձ. Թունյան
Պետությունը «լիդիանից» եւ մնացած ընկերություներից բաժնեմաս չի վերցրել, այդ ընկերություններն իրենք են պետությանը բաժնեմաս նվիրել. որեւէ ընկերություն պետականացնելը կառավարության ծրագրի մեջ չի մտնում, որովհետեւ մենք շուկայական տնտեսություն ենք: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսակն հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պետությունը որոշել է վերցնել ՀԷՑ-ը սեփականատիրոջից, որի մասին վերջին շրջանում գրում է մամուլը:
Նրա խոսքով, ԱԺ-ում ՀԷՑ-ին եւ էլեկտրամատակարարման վերաբերյալ քննարկմանը ներկայացվել են հարցեր, որոնք հուզում է ամբողջ հասարակությանը. «Ես կարդացել եմ որոշ հոդվածներ. Մամուլում արվում է պնդում, որ նման բան կա, հետո հարցնում եք, թե ինչու է այդպես: Դուք ենթադրել եք, որ ՀԷՑ-ը պետականացնելու նպատակ կա, հետո էլ հարցնում եք՝ արդյոք դա ճիշտ է: Ես չգիտեմ՝ որտեղից այդ ինֆորմացիան. Դուք կարող եք դա ճշտել այն աղբյուրից, որտեղից այն հասանելի է դարձել: ՀՀ-ն շուկայական տնտեսություն է եւ մենք ուզում ենք այնպես անել, որ ոլորտը աշխատի թափանցիկ և մրցակցային միջավայրում: Ներկայացնել այդ քննարկումը, որը բխում է հասարակության շահերից, որպես ընկերությունը զավթելու փորձ, դա այնքան էլ ճիշտ չէ»:
Թունյանը նկատեց, որ դա բնական մենաշնորհ է, իսկ բնական մենաշնորհներն աշխատում են իրենց խաղի կանոններով. «Բայց ակնհայտ է, որ մենք այսօր ունենք հոսանքի մատակարարման խնդիրներ: Այսինքն եթե դուք հարցում անեք ձեր մտերիմների շրջանում, մեծ մասը բողոքելու է եւ հոսանքի հաճախակի անջատումներից, եւ տատանումներից, եւ հաճախակի վթարներից: «Վեոլիա ջրի» հետ էլ կան քննարկումներ, ուղղակի մենք պետք է մի իրողության հետ համակերպվենք, որ ենթակառուցվածքները բավականին հնացած են: Այդ խնդիրը լուծելու համար մեծածավալ ներդրումներ են պետք, իսկ դա ենթադրում է սակագների բարձրացում:
Դրա համար վերջին 20-30 տարիների ընթացքում սակագների բարձրացում տեղի չի ունեցել, ըստ այդմ, բավարար ներդրումներ էլ չեն կատարվել: Բայց քայլեր արվել են բարելավելու ուղղությամբ: Օրինակ, ժամանակն մենք ունեցել ենք ջրի 70-80 կորուստ:
Քննարկումը նրա համար էր, որ հասկանանք՝ ինչի պատճառով են այդ խնդիրները, ինչ պետք է անի կառավարությունը, ինչ պետք է անի ՀԷՑ-ը, ինչ պետք է անի կարգվորողը եւ հասկանալ լուծման ուղիները»,- ընդգծեց Թունյանը:
Հարցին՝ սակագնի փոփոխություն սպասվո՞ւմ է, նա պատասխանեց. «Այս պահյին նման բան չի քննարկվում»: