երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
2019-ին ավելացրել ենք պղնձից մեր տնտեսության կախումը. տնտեսագետ

2019-ին ավելացրել ենք պղնձից մեր տնտեսության կախումը. տնտեսագետ

«Երկուշաբթի օրը նավթի գների 30 տոկոսի չափով անկումն աննախադեպ էր, նման անկում եղել է նաև 1991 թվականին, այս անգամ այն պայմանավորված է նաև խուճապային տրամադրությամբ»,-այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ խոսելով նավթի, պղնձի գների կտրուկ անկման, դրանց պատճառների, հետևանքների և մեր երկրի տնտեսության վրա ունեցած ազդեցության մասին:

Անդրադառնալով նավթի գնի անկմանը՝ տնտեսագետն ասաց, որ դա երկու պատճառ ունի: Առաջինը՝ վերջին տարիներին ակնհայտ և ոչ ակնհայտ տնտեսական պատերազմներ են լինում, ինչը զսպում է համաշխարհային տնտեսական աճի տեմպերը: Եվ երկրորդը վերջին ամիսներին գրանցվող կորոնավիրուսն է, որն ուղիղ հարված հասցրեց համաշխարհային տնտեսությանը, մասնավորապես՝ տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներին:

Բանախոսը նշեց նաև, որ պղնձի գինը ևս կտրուկ անկում ապրեց: «Մեր արտահանման 24 տոկոսը պղնձի խտանյութն է կազմում, և այս նվազումը մեր տնտեսության արտարժութային հոսքերին է վնասում: 2019-ին մենք ավելացրել ենք պղնձից մեր տնտեսության կախումը, սա փաստում է, որ հանքահումքատար տնտեսության ճյուղի վրա ենք նստած, ինչը սխալ է, և իշխանությունը չունի «Պլան Բ», որ դիմագրավենք այս իրավիճակին»,-ասաց Պարսյանը

Ինչ վերաբերում է կոնկրետ կորոնավիրուսի հասցրած վնասներին, ապա, տնտեսագետի խոսքով, փետրվար-մարտը մեծ վնասի ամիսներ են լինելու մեր զբոսաշրջային ոլորտի համար, քանի որ չկա փաթեթ, որը կմեղմի այս վիճակը, և եթե հունիսին իրավիճակը չշտկվի, զբոսաշրջության ոլորտը շատ մեծ վնասներ կկրի:

  • Կիսվել: