հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
2016 թվականի ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում Յաշմայի հրամկազմը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է. վերլուծաբան

2016 թվականի ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում Յաշմայի հրամկազմը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է. վերլուծաբան

Ապրիլյան մարտական գործողությունների թեմայի շահարկումը վտանգավոր ծավալների է հասնում։ Որոշ անձինք, խմբեր թեման փորձում են տեղավոխել ներքաղաքական պայքարի դաշտ, դրանում ներքաշել զինվորականների, ինչն արդեն իսկ անթույլատրելի է, «Առավոտի» հետ զրույցում ասել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի հատուկ նշանակության 052 բրիգադը (Յաշմա), որը հատկապես հյուսիս-արեւելյան հատվածում հիմնական գրոհային ստորաբաժանումն է եղել, 2016 թվականի ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում մեծ կորուստներ կրելով դարձել է անմարտունակ։ «Այդ բրիգադի հրամկազմը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։

Այն գործիչները, որոնք համարում են, որ այդ բրիգադը հաջողությունների է հասել, կամ զբաղվում են ադրբեջանական բանակի վարկանիշի բարձրացմամբ, կամ ուղղակի ապրիլյան մարտական գործողությունների էությանն ու դրվագներին չեն տիրապետում»,- նշել է Աբրահամյանը։

Ըստ նրա, ապրիլյան մարտական գործողություններում Ադրբեջանի գլխավոր նպատակը Արցախի հարցի ամբողջական, այն է՝ ռազմական ճանապարհով լուծումն էր եւ Ստեփանակերտի նկատմամբ վերահսկողության հաստատումը, ինչը, բնականաբար, չհաջողվեց եւ Ադրբեջանը հսկայական մարդկային եւ զինտեխնիկայի կորուստներ կրելով հետ կանգնեց իր մտադրությունից։ «Հաղթանակի եւ պարտության հանգամանքը պետք է դիտարկել այս համատեքստում։ Մեր ժողովուրդը պայքարեց իր ազատության, իր հողի ու ջրի համար եւ հաղթեց»,- նշել է Աբրահամյանը։

Խոսելով տավուշյան գործողությունների մասին` վերլուծաբանը նշում է, որ դրանք ամրագրեցին բանակցային գործընթացի վերջին երկու տարվա ձախողումն ու ամրագրեցին բանակցային գործընթացի տապալումը։ Աբրահամյանը հավաստեց, որ մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանը խոշոր ձախողումներ արձանագրեց, ինչը նաեւ սրեց ներքաղաքական իրավիճակն այդ երկրում։

«Իմ տպավորությամբ, Ադրբեջանի ներքաղաքական հարաբերություններում, իրավիճակի վրա լիցքաթափող գործոն էր Թուրքիայի միջամտությունը, որն իր քաղաքական ու ռազմական աջակցությամբ որոշակի առումով հանդարտեցրեց Ադրբեջանում ստեղծված կրքերը»,- հավելեց Աբրահամյանը։

Ըստ նրա, իրավիճակի սրման եւ Տավուշում մարտական գործողությունների ծավալման վրա մեծ ազդեցություն ուներ նաեւ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակն ու համաճարակի հետեւանքով բերած խոշոր տնտեսական վնասները, որոնք հանրության շրջանում հուզումներ եւ անհանգստություններ են առաջացրել։

«Այս պահի գլխավոր խնդիրը բանակցությունների սեղան վերադարձն է, ինչը որոշակի առումով կթուլացնի լարվածությունը եւ, այսպես ասեմ, գոնե ժամանակավորապես կհետաձգի պատերազմի հաջորդ փուլը»,- հավելեց նա։

Աբրահամյանը նշեց, որ դիրքային մարտեր մշտապես էլ ունեցել ենք սահմանի բոլոր ուղղություններով։ «Եթե Տավուշի հատվածում հայկական կողմի դիրքային բարելավումներն Ադրբեջանի հակազդեցությանը չբերեին կամ դրանք այդ ծավալի չլինեին, ապա որեւէ մեկը չէր էլ իմանա այդ բարելավումների մասին»,- հավաստեց նա։

Անդրադառնալով Պաշտպանության նախարարության հեղինակած աշխարհազոր ստեղծելու մասին օրինագծին` Աբրահամյանը նշեց, որ դա մեր տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պահանջն է, մարտունակ բանակին զուգահեռ ունենալ մարտունակ պահեստազոր։ «Մեր ռեսուրսների եւ երկրի առջեւ առկա սպառնալիքների պարագայում սա անհրաժեշտություն է։

Պահեստազորի մարտունակությունն ուղիղ առնչություն ունի մեր երկրի զինված ուժերի ընդհանուր մարտունակությանն ու երկրի անվտանգության ապահովմանը։ Այս ուղղությամբ պետք է աշխատել եւ ստանալ այնպիսի մոդել, ինչը մեր շուրջ տեղի ունեցող ցանկացած իրադրության փոփոխության պայմաններում, մեր երկրի անվտանգության համակարգին անակնկալներ չի մատուցի։ Պետք է պատրաստ լինել տարածաշրջանային բոլոր զարգացումներին։

Պահեստազորը զինված ուժերի անբաժանելի մասն է կազմում, իսկ զինված ուժերի մարտական պատրաստության պլանով, պահեստազորը տարբեր ծավալներով ընդգրկված է տարբեր բնույթի հավաքներում, մարտավարական պարապմունքներում եւ անհրաժեշտության դեպքում համալրում է զինված ուժերի շարքերը։

Իրավիճակով պայմանավորված մասնակի կամ ամբողջական ձեւով պահեստազորը համալրում է կանոնավոր բանակի շարքերը։ Այս փուլում, մենք գնում ենք պահեստազորի կազմակերպչական, իրավական եւ մարտունակության բարձրացման նոր կարգավորումների»,- բացատրեց վերլուծաբանը ։

  • Կիսվել: