շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Նոր երգեր, շրջագայություններ. ժողովրդական երգչուհի Մոնիկա Նազարյանը՝ ապագա ծրագրերի մասին

Նոր երգեր, շրջագայություններ. ժողովրդական երգչուհի Մոնիկա Նազարյանը՝ ապագա ծրագրերի մասին

Ժողովրդական երգերի կատարող Մոնիկա Նազարյանը երգում է ութ տարեկանից, մասնակցում է փառատոնների, մրցույթների և ամեն տեղ վայելում երաժշտասերների ջերմությունն ու սերը: Այդ մասին են վկայում երգչուհու մենահամերգները, որոնք անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, հոլովակները, որոնք համացանցում հազարավոր դիտումներ ու հավանումներ ունեն:

Երգչուհուն հաջողվում է ներկայանալ յուրատիպ կատարումներով՝ պահպանելով ժողովրդական երգի բնությունն ու ոգին: Նա վստահեցնում է, որ ժողովրական երգ կատարող երգիչը պետք է այդ ելևէջները լսի ծնված օրից:

Ըստ Նազարյանի՝ մարդը չի կարող երեսուն տարեկանում վեր կենալ ու ժողովրդական ստեղծագործություններ կատարել: Նման դեպքում ինչ-որ բան պակաս կլինի: Մոնիկայի հայրը՝ Համազասպ Նազարյանը, շատ է սիրում ժողովրդական երգեր: Երբ Մոնիկան փոքր է եղել, տանը մշտապես հնչել են Օֆելյա Համբարձումյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Արաքսյա Գյուլզադյանի կատարումները:

«Երբ փորձել են քնացրել ինձ, և ժողովրդական երգ է հնչել, ես բացել եմ աչքերս, վազել հեռուստացույցի մոտ ու վայելել: Հիմա աղջիկս է այդպես արձագանքում ժողովրդական երգին»,-պատմում է Մոնիկա Նազարյանը:

Ծնողների, հարազատների շրջանում պրոֆեսիոնալ երգիչներ չկան, սակայն Մոնիկայի հայրը շատ լավ է երգել:

«Նա իմ ձեռքը բռնած ինձ տարել է փառատոնների, մրցույթների, միշտ իմ կողքին է եղել ու նրա երազանքն է եղել, որ ես բարձրանամ մեծ բեմեր ու հնչեցնեմ հայկական ժողովրդական երգը: Իմ հայրը չափից շատ բան է արել ինձ համար. մինչ օրս անում է: Հաճախ եմ խորհրդակցում նրա հետ. նա իմ ամենախիստ քննադատն է: Երբ իմ կատարումները լսում ու չի քննադատում, շատ եմ ուրախանում: «Ժողովրդական երգիչ» նախագծի շրջանակում ծանոթացել եմ իմ վարպետի՝ Մխիթար Քեթցյանի հետ, որը նույնպես շատ բան է փոխանցել ինձ»,-նշում է երգչուհին:

Մոնիկան սովորել է Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում, Մանկավարժական համալսարանում դիրիժորություն է սովորել, իսկ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ժողովրդական երգ: Մոնիկա Նազարյանը կատարում է տարբեր աշուղների, գուսանների գործեր, սակայն հատկապես սիրով է հնչեցնում Շերամի ստեղծագործությունները, հոգեհարազատ են նաև աշուղ Զաքարյանի գործերը, քանի որ Զաքարյանը լոռեցի է և նրա երգերում վառ արտահայտված է Լոռվա բնաշխարհը: Մոնիկան ևս Լոռվա մարզից է:

«Շերամի երգերը շատ քաղցր են: Ինձ ասում են, որ իմ ձայնը ևս քաղցր է: Հավանաբար դա է պատճառը, որ իմ երգացանկում գերակշռում են նրա ստեղծագործությունները»,-ասում է Մոնիկան:

Ըստ նրա՝ երգչի համար շատ կարևոր են արտաքին տեսքը, արտիստիզմը, սակայն առաջնային են ձայնային տվյալները, տեմբրն ու անկեղծությունը:

«Մեր օրերում երգելը երբեմն երկրորդական է: Եթե կան ծանոթություններ, գումար, տեսահոլովակներ, մասնակցություն տարբեր համերգների ու հեռուստաշոուների, հնարավոր է ճանաչված դառնալ, բայց ճանաչված լինել դեռ չի նշանակում լինել սիրված: Ժողովրդական երգի ասպարեզում ևս այդպես է: Իսկ իմ հաջողության գաղտնիքն անկեղծությունն է, ես երգում եմ այն, ինչ բխում է իմ սրտից»,-ասում է նա:

Մոնիկա Նազարյանին հաջողվում է պահպանել ժողովրդական երգը՝ դրան հաղորդելով ժամանակակից տարրեր, ներկայացնել նորաոճ գործիքավորմամբ՝ չաղճատելով երգը: Երգչուհին փորձում է ժամանակին համընթաց քայլել, գրավել նաև երիտասարդ երաժշտասերների սրտերը:

«Պետք է անել հնարավորը ոչ միայն հասուն, այլև երիտասարդ ունկնդիր ունենալու համար: Իմ մենահամերգին, որն անցկացվեց ամիսներ առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, նկատեցի ունկնդիրների, որոնք կոստյումներով էին, երեկոյան զգեստներով: Դա շատ հաճելի էր, ու հագուստն արտահայտում էր նրանց վերաբերմունքն իմ արվեստի հանդեպ: Նրանք պատրաստվել էին այդ օրվան ու եկել էին վայելելու հայկական երգը»,-պատմում է Մոնիկան ու ասում, որ ազգային երգի իր կատարումները նաև երիտասարդներն են լսում:

Մոնիկա Նազարյանը հրապուրել է ոչ միայն հայ, այլև օտար երաժշտասերներին. նա երգում է նաև պարսկերեն ու պարսիկ հանդիսատեսին ներկայանալու հնարավորություն է ունեցել ԱՄՆ-ի համերգների ժամանակ:

«Իրանցիները, իրանահայերը շատ հայրենասեր են, նվիրված են իրենց ավանդույնթերին, երկրին, ընտանիքին ու մեծ բավականությամբ էին ունկնդրում թե՛ հայկական, թե՛ պարսկական երգերը: Ինձ հետ հավասար երգում էին Vasat Mimordam երգը: Այն շատ բարդ է. ժամանակին կատարել է Ռուբեն Մաթևոսյանը: Իրանահայերի խնդրանքով երգեցի Gole Sangam երգը, հետո տեսահոլովակ նկարահանցեի: Ինձ հետ կապ հաստատեց երգի հեղինակը՝ Անուշիրվանի Ռոհանին, որին պարսիկները պաշտում են: Չնայած տարիքին՝ նա ամեն տարի շրջագայում է աշխարհում, հանդես գալիս լեփ-լեցուն դահլիճներում: Նա առաջարկեց իր 80-ամյակին նվիրված համերգին կատարել երգը Սակրամենտոյում, սակայն համավարակի պատճառով չստացվեց: Ռոհանին ասաց, որ ցանկանում է նաև երգ նվիրել ինձ: Կապ եմ պահպանում նրա հետ: Հնարավոր է՝ համագործակցությունը ստացվի»,-մանրամասնեց երգչուհին:

Առաջիկայում Մոնիկան համերգներով շրջագայելու է Հայաստանի մի քանի քաղաքում և արտասահմանում, նա երկրպագուներին կուրախացնի նոր երգերով: Երգերից մեկը գրել է երիտասարդ աշուղ Հրանտը, երկուսը՝ գուսան Արտակ Արամյանը: Երգչուհին անհամբերությամբ է սպասում պրեմիերաներին:

  • Կիսվել: