շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակն է

Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակն է

Այսօր լրանում է մեծանուն կոմպոզիտոր, համաշխարհային դասական Արամ Խաչատրյանի 120-ամյակը:

1903 թվականի հունիսի 6-ին է ծնվել հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանը: Նա է հայկական բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի սկիզբը դրել, նաև հայկական կինոերաժշտության հիմնադիրն է:

Ներկայացնում ենք հայտնի կոմպոզիտորի կյանքի ոչ այնքան հայտնի փաստերը:

Լեգենդար անձանցից լեգենդներն անպակաս են: Այդպես է նաև մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի դեպքում: Երևանի երաժշտասեր համայնքում հայտնի մի պատմություն կա. Արամ Խաչատրյանի հեղինակային համերգի ազդագրում նշված էին նրա բոլոր կոչումներն ու պարգևները: Նվագախմբի անդամները այդ ցանկի վերջում թաքուն ավելացրել էին՝ «օդաչու, տիեզերագնաց»: 

Արգենտինացի հեղափոխական Էռնեստո Չե Գևարան պաշտում էր Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Մի անգամ նա ասել է՝  «Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է: Դրանում հայ ժողովրդի ոգին է՝ պայքարի և հաղթանակի ոգին»:

Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշարձանը Մոսկվայում կանգնեցվել է 2006-ի հոկտեմբերի 31-ին։ Տարբեր երաժշտական գործիքների շրջապատում պատկերած կոմպոզիտորի բրոնզե արձանի հեղինակը Գեորգի Ֆրանգուլյանն է, ճարտարապետը՝ Իգոր Վոսկրեսենսկին։ Արձանը տեղադրված է այն տան մոտակայքում, որտեղ ժամանակին ապրել և ստեղծագործել է Խաչատրյանը։

1968-ի հոկտեմբերին առաջին անգամ նշեցին «Էրեբունի-Երևան» տոնը: Տոնակատարություններին միացավ նաև մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը:

«Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը» գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում: Արամ Խաչատրյանի անունը դասվել է այս ցանկում արդեն իրենց տեղը գտած աշխարհահռչակ այնպիսի կոմպոզիտորների շարքին, ինչպիսիք են Բեթհովենը, Բրամսը և Շոպենը:

Երևանի ֆիլհարմոնիայի դահլիճի դիմաց գտնվող Արամ Խաչատրյանի արձանը միակը չէ Երևանում: Արաբկիր վարչական շրջանում Խաչատրյանի 100-ամյակի առթիվ բացվել է կոմպոզիտորի կիսանդրին: Քանդակագործ Գևորգ Գևորգյանի հեղինակած հուշարձանը տեղադրվել է բարեկարգ կանաչապատ տարածքում` Խաչատրյան-Փափազյան փողոցների հատման հարակից հատվածում: 

71 տարվա կյանք ունեցած Խորհրդային Հայաստանի օրհներգի երաժշտության հեղինակը Արամ Խաչատրյանն էր: Եկեղեցական երգեցողության դասական կանոններով կառուցված երաժշտությունը օրհներգի կարգավիճակում վերականգնելու մասին հայտարարվեց 2000-ականներին: 2006-ի աշնանը խորհրդարանը հայտարարեց նոր օրհներգի համար երաժշտության և տեքստի մրցույթ. 85 տարբերակներից եզրափակիչ փուլ անցավ նաև Խաչատրյանի երգը: Գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովը հաստատեց Սովետական Հայաստանի օրհներգի երաժշտությունը, բայց այդպես էլ չկարողացավ որոշել տեքստային մրցույթի հաղթողին: Արդյունքում՝ Արամ Խաչատրյանի օրհներգի երաժշտությունը չդարձավ անկախ Հայաստանի հիմնը:

Առաջին անգամ Արամ Խաչատրյանը Երևանում հայտնվեց 1921-ին Թիֆլիսից հատուկ գնացքով ժամանող քարոզչական խմբի կազմում: Նրա առջև առաջադրանք էր դրված Հայաստանի գյուղերում և քաղաքներում տարածել Հոկտեմբերյան հեղափոխության վեհ գաղափարը: Նրանք պետք է բաժանեին թռուցիկներ ու բրոշյուրներ, կազմակերպեին միտինգներ ու դասախոսություններ: 

Մի անգամ Խաչատրյանը պատմել է, թե իր հայրը, որ ընդգծված սեր ուներ ազգային երաժշտության նկատմամբ, իմանալով, որ նա Մոսկվայում պատրաստվում է ընդունվել երաժշտական տեխնիկում, ափսոսանքով ասել է. «Դու ի՞նչ է՝ պատրաստվում ես սազանդա՞ր դառնալ (փողոցային երաժիշտ, որը նվագում էր նաև հարսանիքներում, թաղումներում, շուկաներում)»:  Խաչատրյանի հայրն ուզում էր, որ տղան դառնա ինժեներ կամ բժիշկ: Նա գտնում էր, որ երաժշտությունը տղամարդու գործ չէ:

Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում։ Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը Լյադո էր դրել (ըստ լյա և դո նոտաների)։ Լյադոյի հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «Լյադոն լուրջ հիվանդացել է» պիեսը:

Երևանում բեմադրվում էր «Սպարտակ» բալետը. դա վերջին ներկայացումն էր, որին ներկա էր հեղինակը։ Բեմադրությունն անթերի էր, բալետային խումբը՝ հիանալի։ Սակայն առաջին գործողության կեսից Խաչատրյանն անսպասելիորեն վեր կացավ և լքեց դահլիճը։ Գործողությունն ավարտվեց, իսկ կոմպոզիտորը դեռևս չկար։ Որոշ ժամանակ անց նրան գտան դրսում՝ օպերային թատրոնից ոչ հեռու։
«Եթե մնայի, սարսափելի աղմուկ կբարձրացնեի: Նրանք իմ երաժշտությունից կրճատեցին 4 ամբողջ տակտ»,- վրդովված ասաց Խաչատրյանը։ Չնայած ունկնդիրները խաչատրյանական երաժշտության փոքրիկ հատվածի «կորուստը» չէին էլ նկատել, այնուամենայնիվ, այդ փաստը խիստ զայրացրել էր հեղինակին։

Պատերազմի տարիներին էվակուացիայի ժամանակ կայարաններից մեկում Խաչատրյանը, Օյստրախն ու Շոստակովիչը սոված էին մնացել։ Ծանր վիճակից նրանց դուրս բերեց Օյստրախը՝ կատակով առաջարկելով տեղում համերգ տալ։ Մտահղացումը հրապուրեց Շոստակովիչին ու Խաչատրյանին։ Հանպատրաստից կայացած հիանալի համերգի համար երաժիշտները ճաշի արժանացան։

  • Կիսվել: