հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Անի» փողային նվագախումբն այսուհետ կներկայանա նորացված հետաքրքիր ծրագրով

«Անի» փողային նվագախումբն այսուհետ կներկայանա նորացված հետաքրքիր ծրագրով

Գյումրու համայնքային ենթակայության լավագույն ավանդույթներ ու կենսագրություն ունեցող «Անի» փողային նվագախումբը կներկայանա նորացված հետաքրքիր ծրագրով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այսուհետ նվագախումբը հանդես է գալու նոր, ժամանակակից նվագացանկով՝ համաշխարհային հիթեր, ժամանկակից էստրադային, ջազային կատարումներ, սաունդթրեքներ, դասական գործեր:

Դեռ խորհրդային տարիներին Երևանում ցանկացած միջոցառում մեկնարկում էր Գյումրու փողային նվահախմբի հնչյունների ներքո։ Նույնիսկ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո գյումրեցիները ոչ միայն կարողացան վերականգնել, այլև զարգացնել ձեռքբերված ավանդույթները՝ 1973 թվականին ձևավորված նվագախումբը վերակազմավորվեց 1991 թվականին: Վերակազմավորված նվագախումբը նույն տարում մասնակցեց «Եվրոշեփոր» փառատոնին՝ վերադառնալով Գրան պրի մրցանակով: Այսօր էլ Գյումրի այցելած պաշտոնական պատվիրակություններին դիմավորում, քաղաքի նորոգված փողոցների ու նորակառույցների մասին ազդարարում է փողայինը:

Գյումրու համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի անմիջական աջակցությամբ Գյումրու «Անի» փողային նվագախումբը վերջերս համալրվեց նոր եւ խիստ անհրաժեշտ երաժշտական գործիքներով՝ նվիրատվություն ստանալով Գյումրու «Գոհար» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունից, ինչն անգնահատելի աջակցություն ու կրկնակի խթան է փողային նվագախմբի համար, սակայն սրանով փողայինի հնացած գործիքների ու մյուս խնդիրները հարցը լուծված չի կարելի համարել: Այդ խնդիրները լուծել ու նվագախմբին նոր ընթացք կտա հանդիսատեսի առաջ նորովի ներկայանալը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց նվագախմբի նորանշանակ տնօրեն, երաժիշտ Արմեն Ձամուկաշվիլին:

«Վերջին տարիներին նվագախումբը, ցավոք, ավելի պասիվ է եղել ու ասոցացվել միայն կամիր ժապավեն կտրելու հետ: Նվագախմբին նոր «կյանք» տալու համար որոշեցինք այսուհետ հին կատարումներին զուգահեռ ներկայանալ նորովի՝ հանդիսատեսի համար անսովոր ոճային կատարումներով: Ճիշտ է, կա մոտեցում, որ փողային նվագախումբը միայն քայլերթ ու վալս է նվագում, բայց ուզում եմ, որ սրան զուգահեռ, այսուհետ նվագախումբը ժամանակի հետ քայլի ու վերականգնի իր համերգային ծրագրերը»,- նշեց Արմեն Ձամուկաշվիլին՝ տեղեկացնելով, որ թեև կառույցը զգում է Գյումրու համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի աջակցությունը, առաջիկայում նվագախումբը կներկայանա նաև համերգներով, ինչը կօգնի նվագախմբին լուծել մի շարք խնդիրներ. շատերը նվագում են 1957 թվականի երաժշտական գործիքներով:

Նախատեսվում է, որ նվագախումբը հանդես կգա ոչ միայն հանրապետության տարբեր բնակավայրերում, այլ նաև արտերկրում, կմասնակցի փառատոների ու մրցույթների։

  • Կիսվել: