Թուրք-ադրբեջանական սադրանք Արցախի դեմ
Սիրիական ճգնաժամի ամենաբուռն շրջանում haqqin.az-ի գլխավոր խմբագիր Ֆաթուլլաեւը գործուղվեց Բեյրութ եւ մի քանի հրապարակումներ արեց հիմնականում հայկական ներկայության թեմայով:
Ակնհայտ էր, որ այդ «ստեղծագործական առաքելությունը» կազմակերպված է հատուկ ծառայությունների կողմից: Նպատակն էր՝ պարզել, թե Լիբանանում հայերն ինչ հնարավորություն եւ քաղաքական որոշումների վրա ազդեցության ինչ հնարավորություն ունեն: Լիբանանահայությունը թուրքական հատուկ ծառայությունների թիրախ է դեռեւս անցյալ դարի 70-ականների կեսերից: Մերձավոր Արեւելքում հայկական ռեսուրսների խնդիրն ավելի ակտուալացավ արցախյան պատերազմի շրջանում: Ադրբեջանում կարծրատիպ է ձեւավորվել, որ հայկական կողմի ռազմական հաջողություններում մեծ է Սիրիայից եւ Լիբանանից ԱՍԱԼԱ-ի դերը:
Բեյրութի նավահանգստում պայթյունից հետո, երբ մեդիա-տիրույթում շրջանառվեց լիբանանահայության հայրենադարձության խնդիրը, ադրբեջանական մամուլը մշտապես գեներացնում է Արցախում մեծ վերաբնակեցման թեման: Այդ հարցում Ադրբեջանին ակնհայտորեն աջակցում են թուրքական հատուկ ծառայությունները: Ի մասնավորի, սեպտեմբերի 5-ին ավտովթարի զոհ դարձած Աբրահամ Թովմասյանը ներկայացվում է որպես Սիրիայից եւ Լիբանանից Արցախում վերաբնակելու նպատակով հայերին հավաքագրող գործակալ:
Ադրբեջանական լրատվամիջոցը փոխանցում է, որ օգոստոսին Ֆրանսիայի Մարսել քաղաքում հանդիպել են «Դաշնակցության», ԱՍԱԼԱ-ի ներկայացուցիչներն ու «երեւանյան էմիսարները» եւ մշակել «Մերձավոր Արեւելքից 100-150 հազար հայ ընտանիք Արցախում վերաբնակեցնելու ծրագիր»: Ներկայումս Մերձավոր Արեւելքում այդքան հայ ապրում է, թե ոչ՝ թուրք-ադրբեջանական քարոզչությանը չի հուզում: Կարեւորը՝ շրջանառել առասպել, որ Արցախը «վերածվում է միջազգային ահաբեկչության հավաքատեղիի»:
Ընդսմին, թիրախավորվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Արցախում ստեղծվել է լիբանանահայությանն օգնության կազմակերպման հարցերի հանձնաժողով, ինչից ադրբեջանական քարոզչությունը, ոչ առանց հատուկ ծառայությունների հուշման, աշխարհաքաղաքական ենթադրություններ է անում՝ թեմայի շուրջ մեկնաբանություններն ավարտելով խորհրդնշական ընդհանրացմամբ, որ «հայկական նախաձեռնությունն անհանգստություն է պատճառել ամերիկյան ԿՀՎ-ին եւ ռուսական ԱԴՀ-ին»: Սա թուրք-ադրբեջանական սադրանք է, որ ոչ միայն տեղեկատվական, այլեւ անվտանգության ծառայությունների հակադարձման պետք է արժանանա: