երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պահանջում ենք դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ միջազգային խաղաղապահներ Արցախում տեղակայելու համար. հայտարարություն

Պահանջում ենք դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ միջազգային խաղաղապահներ Արցախում տեղակայելու համար. հայտարարություն

Հայաստանի քաղաքացիական հասարակության շուրջ 25 կազմակերպություններ ու գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ Հայաստանի ինքնիշխանությունը բացարձակ արժեք է եւ իրենք մերժում ենք այսպես կոչված Միութենական պետության, առավել ևս` Ռուսաստանի կազմ մտնելու բոլոր առկա միտումները:

Հայտարարությունում ասվում է. «Մենք, ներքոստորագրողներս՝ հանդես գալով որպես հայ ժողովրդի ազգային-պետական կամքի կրողներ և ներկայացուցիչներ, հայտարարում ենք մեր անշրջելի ընտրությունն ու դիրքորոշումը հետևյալի մասին.

1) Մեզ համար Հայաստանի ինքնիշխանությունը բացարձակ արժեք է և անսակարկելի երևույթ, ուստի մենք մերժում ենք այսպես կոչված Միութենական պետության, առավել ևս` Ռուսաստանի կազմ մտնելու, կամ որևէ այլ ձևով Ռուսական կայսրության վերականգնմանը մասնակցելու կամ օժանդակելու բոլոր առկա միտումներն ու դրանց քարոզիչներին և ամեն ինչ անելու ենք Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգությունները խափանելու համար:

2) Հայաստանի ապագան և հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության արդիականացումն ու վերակերտումը մենք տեսնում ենք համամարդկային արժեքների հիման վրա ժողովրդավարության դրոշի ներքո համախմբվող քաղաքակիրթ ազգերի ընտանիքում:

3) Արձանագրելով Ռուսաստանի անկարողությունը Արցախում հայության անվտանգությունը ապահովելու հարցում, ինչի հետևանքով առանց այդ էլ տարածքային մեծ կորուստներ կրած Արցախը պատերազմից հետո ևս շարունակում է փոքրանալ՝ ռուսական պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հաշվին, իսկ դրանց վրա բնակվող հայերը ենթարկվում են էթնիկ զտման, Հայաստանի իշխանություններից պահանջում ենք դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ՄԱԿ-ի մանդատ ունեցող միջազգային խաղաղապահներ Արցախում տեղակայելու համար:

4) Դատապարտում ենք Ռուսաստանի շարունակվող ագրեսիան ինքնիշխան Ուկրաինայի նկատմամբ և արձանագրում, որ այն շարունակությունը դարձավ ազատատենչ ժողովուրդների և պետությունների դեմ կայսերապաշտական ոտնձգությունների, ժողովրդավարությունների դեմ բռնապետական ռեժիմների հարձակումների, մասնավորապես՝ 2020թ. Արցախի դեմ ալիևյան ռեժիմի ագրեսիայի, որի հանդեպ միջազգային հանրությունը անհամարժեքորեն մեղմ արձագանքեց: Կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ այսուհետ գործուն մեխանիզմներ ներդնել՝ բոլոր միջազգային և ազգամիջյան խնդիրները խաղաղ ճանապարհով և դիվանագիտական մեթոդներով լուծման համար` քաղաքակրթության և միջազգային իրավունքի ժամանակակից ձեռքբերումներին համահունչ»:

  • Կիսվել: