չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մանուել Պետրոսյանը պարտվեց, բայց պահպանեց առաջատարի դիրքը․ ՀՀ շախմատի առաջնություն

Մանուել Պետրոսյանը պարտվեց, բայց պահպանեց առաջատարի դիրքը․ ՀՀ շախմատի առաջնություն

Կայացան շախմատի Հայաստանի Բարձագույն խմբի տղամարդկանց 83-րդ և կանանց 78-րդ առաջնությունների 6-րդ տուրի մրցախաղերը:

Տղամարդկանց առաջնությունում Հայաստանի գործող չեմպիոն Մանուել Պետրոսյանն առաջին պարտությունը կրեց՝ սևերով 106-րդ քայլին զիջելով Ռոբերտ Հովհաննիսյանին: Չնայած պարտությանը, Մանուելը 4,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Ռոբերտ Հովհաննիսյանն ընդամենը կես միավորով է հետ մնում առաջատարից: 4-ական միավոր ունեն նաև Սամվել Տեր-Սահակյանն ու Արամ Հակոբյանը, որոնք հաղթեցին համապատասխանաբար Մամիկոն Ղարիբյանին և Սարգիս Սարգսյանին:

3,5 միավոր է վաստակել Տիգրան Հարությունյանը, որը պարտության մատնեց Զավեն Անդրիասյանին: Առաջին հաղթանակը տարավ Արմեն Բարսեղյանը, որը խաղում էր Տիգրան Պետրոսյանի հետ: Վերջինս առաջին պարտությունը կրեց:

Կանանց առաջնության միանձնյա առաջատար Մարիա Գևորգյանը սևերով հաշտություն կնքեց Նարինե Գասպարյանի հետ ու 4,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Մարիա Գևորգյանը մեկ միավորով գերազանցում է մոտակա հետապնդողներ Սուսաննա Գաբոյանին, Ասյա Եդիգարյանին, Արփինե Գրիգորյանին և Պոլինա Կոբակին:

Հունվարի 19-ին կկայանան 7-րդ տուրի մրցախաղերը: Առաջնությունների ավարտին մնացել է 3 տուր:

  • Կիսվել: