երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վերջնական տեսքի են բերվում արագ արձագանքման բժշկական թիմի գործելակարգերը

Վերջնական տեսքի են բերվում արագ արձագանքման բժշկական թիմի գործելակարգերը

Հունվարի 26-28-ը, «Ավելի ուժեղ միասին. միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ» ծրագրի շրջանակներում Երեւանում անցկացվել է աշխատաժողով, որին մասնակցել է Հայսատանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի պետ, փ/ծ մայոր Գայանե Հայրապետյանը: Հայկական արագ արձագանքման բժշկական թիմ ձեւավորելու աշխատանքները սկսել են 2021 թվականի դեկտեմբերին: Անցած տարվա հոկտեմբերին Երեւանում անցկացվեց արագ արձագանքման բժշկական թիմերի հինգերորդ գլոբալ հանդիպումը, որին մասնակցում էր 50 երկրի ավելի քան 500 ներկայացուցիչ: Իսկ նոյեմբերին Վրաստանում անցկացվեց աշխատաժողով՝ հայկական եւ վրացական թիմերի համար:

Բացի աշխատաժողովներից, հայկական եւ վրացական նոր ձեւավորվող արագ արձագանքման բժշկական թիմերը 2022 թվականի հունիսին Գերմանիայում մասնակցել են դաշտային վարժանքի, իսկ օգոստոսին Միացյալ թագավորությունում՝ սիմուլյացիոն վարժանքի:

Հունվարի 26-28-ը Երեւանում անցկացված աշխատաժողովը վերջինն է մեր թիմի՝ գարնանը նախատեսված դաշտային վարժանքից առաջ, մասնակցում են Հայաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները: Ըստ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժնի պետ, փ/ծ մայոր Գայանե Հայրապետյանի, հիմնական բանախոսը Գերմանիայից ժամանած փորձագետ Ջոնաթան Բաումն է: Արագ արձագանքման բժշկական թիմերի հարցում Գերմանիան հարուստ փորձ ունի: Փորձագետը օգնում է վերջնական տեսքի բերել թիմի աշխատանքների գործելակարգերը՝ կլինիկական ծառայություններ, թիմի պաշտպանություն, գույքացանկ (պահեստի կառավարում) եւ այլն: Մեծ ուշադրություն է դարձվում արագ արձագանքման բժշկական թիմի աշխատանքի իրավական ապահովմանը՝ փաստաթղթերին, որ երկրի ներսում կամ երկրից դուրս՝ աղետյալ երկրին օգնության գնալիս, թիմը իրավական խնդիրներ չունենա: Վարժանքի ժամանակ գնահատվելու են թիմի եւ աշխատանքի բոլոր կողմերը՝ թիմի կարողություններ, կազմ, անդամների ունակություններ, գործիքակազմ, գույքացանկ եւ այլն:

Այս տարվա գարնանը անցկացվելու է հայկական արագ արձագանքման բժշկական թիմի շտաբային վարժանքը, ամռանը՝ վրացական թիմի դաշտային, աշնանը՝ հայկական թիմի դաշտային վարժանքը:

  • Կիսվել: