շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Վարդենիսցիներն ավտոճանապարհը չեն բացի, մինչև դատարանը Արամ Հարությունյանին ազատ արձակելու որոշում չկայացնի

Վարդենիսցիներն ավտոճանապարհը չեն բացի, մինչև դատարանը Արամ Հարությունյանին ազատ արձակելու որոշում չկայացնի

«Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի կողմնակիցները շարունակում են փակ պահել արտունի-Վարդենիս ավտոճանապարհը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան:

Ավտոճանապարհը փակած վարդենիսցիները նշում են, որ չեն պատրաստվում բացել ճանապարհն այնքան ժամանակ, մինչև դատարանը Հարությունյանին ազատ արձակելու որոշում չկայացնի:

Նշենք, որ Վարդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա կազմելու մասին հայտարարություն տարածեցին, «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սեւանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Արամ Հարությունյանին, որը նախկինում Վարդենիսի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել, առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել:

 

  • Կիսվել: