Արման Խոջոյանն այցելել է կարկուտի հետևանքով տուժած Արգինա համայնք
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 16-ին այցելել է Արմավիրի մարզի Արգինա համայնք՝ կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ հանդիպելու և տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։
Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը բնակիչներին է ներկայացրել Ինտենսիվ այգեգործության ծրագրում կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, նա ընդգծել է, որ 0.5-3 հա ինտենսիվ և խաղողի այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում ծախսերը կփոխհատուցվեն 50-75 տոկոսի չափով։ Կարկուտի առավել ռիսկային համայնքներում փոխհատուցման չափը պահպանվել է 75 տոկոս, իսկ մնացած բնակավայրերի համար սահմանվել է 50 տոկոս փոխհատուցում։ Անդրադարձ է կատարվել Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ծրագրին և պետական աջակցության մյուս ծրագրերին։
Այցի ընթացքում նախարարի տեղակալը նաև պատասխանել է բնակիչների հարցերին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները։