չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
 Շտաբային ուսումնավարժություն Շիրակի մարզում

Շտաբային ուսումնավարժություն Շիրակի մարզում

Ապրիլի 16-ին ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Շիրակի մարզպետարանում անցկացրեց «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որն ուղղված էր արտակարգ իրավիճակներում բնակչության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստմանը, տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կազմակերպմանը և իրականացմանը։

Ուսումնավարժությունն անցկացվեց Շիրակի մարզպետի տեղակալ Ա.Այվազյանի գլխավորությամբ, իսկ ղեկավարման շտաբի պետն էր ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ափոյանը։

Ուսումնավարժությանն ընդգրկված էին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակչության տարհանման հանձնաժողովը, ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի, աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման, առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի, ֆինանսական, անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունների աշխատակիցները, ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության, ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի, «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ ցանցերի շահագործման Շիրակի թիմի, Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրիի օդերևութաբանական կայանի, «Աշոցքի ԱՏՃ» ճանապարհաշինական ՓԲԸ-ի աշխատակիցները և Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայնքների ղեկավար կազմը:

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել մասնակիցների հմտություններն ու ունակությունները ձնաբքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման գործում, ստուգել ձնաբքի ժամանակ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակչության պաշտպանության պլան»-ի իրատեսական լինելը, ինչպես նաև կատարելագործել համագործակցությունը կառավարման մարմինների և ուժային կառույցների միջև:

Համաձայն անցկացման պլանի ուսումնավարժության մասնակիցները հանդես եկան զեկույցներով` ըստ փուլերի ուսումնավարժության ղեկավարին ներկայացնելով ձնաբքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործողությունները։ Քննարկվեցին նախատեսված ուսումնական բոլոր հարցերը և ուսումնավարժության անցկացման ընթացքը զարգացվեց 10 միջանկյալների օգնությամբ:

Շտաբային ուսումնավարժության ընթացքում ակտիվ քննարկումներ տեղի ունեցան մտահղացումների և միջոցառումների կազմակերպման և իրագործման շուրջ։
Ավարտին ամփոփվեցին երկու փուլերում մասնակիցների կողմից կատարված աշխատանքները, տրվեցին համապատասխան գնահատականներ և ցուցումներ:

  • Կիսվել: