երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սեւանի նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների համար անցկացվել է վերապատրաստման դասընթաց

Սեւանի նախադպրոցական հաստատությունների աշխատակիցների համար անցկացվել է վերապատրաստման դասընթաց

Սեւանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, մեթոդիստների եւ դաստիարակների համար անցկացվեց վերապատրաստման եռօրյա դասընթաց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից դասընթացներն անցկացվել են թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզում եւ թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզում: Դասընթացները վարել են մանկավարժական գիտությունների թեկնածու, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության եւ մեթոդիկաների ամբիոնի դոցենտ, Երեւանի N 43 մանկապարտեզի տնօրեն Կարինե Հովակիմյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ նախադպրոցական մանկավարժության եւ մեթոդիկաների ամբիոնի վերապատրաստման գործընթացի նախագահ, դասընթացավար Սվետլանա Մարությանը, ՀՀ կրթության պետական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանը, ՀՀ կրթության տեսչական մարմնի ռիսկերի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների վարչության գլխավոր մասնագետ Աղավնի Աղաբեկյանը, նախադպրոցական կրթական ծրագրերի փորձագետ Լալա Սարգսյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ նախադպրոցական մանկավարժության եւ մեթոդիկաների ամբիոնի դասախոս Արմենուհի Ղազարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Գաբրիելյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դասախոս Մարիաննա Ավագյանը:

Դասընթացի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան՝ ունկնդրելու «ժամանակակից մեթոդների կիրառումը մանկապարտեզի ուսումնադաստիարակչական գործընթացում», «Խաղային գործունեությունը մանկապարտեզում», «Բիհեյվիորիստական տեսության հիմքերը նախադպրոցական տարիքի երեխայի վարքի եւ սոցիալականացման գործընթացի դրսևորումներում», «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման հոգեբանամանկավարժական առանձնահատկությունները», «ՀՀ նախադպրոցական կրթության մասին օրենքն ու նորմատիվ փաստաթղթերը», «Ծնողի հետ աշխատանքի պլանավորում», «Տնօրենի, մեթոդիստի եւ դաստիարակի համակարգված աշխատանքի նախագծում եւ կիրառում, «Գեղարվեստական դաստիարակության նորարարական մոտեցումները նախադպրոցական տարիքի երեխաների համակողմանի դաստիարակության գործում», «Ներառական կրթության կազմակերպումը մանկապարտեզում» եւ այլ կարեւոր թեմաներ։

«Ներկայացվող թեմաները մատուցվում էին տարբեր ձեւաչափերով, իսկ թեմատիկ ամփոփումները եւ ամրապնդումները կատարվեցին հարցուպատասխանի միջոցով:

Դասընթացի ավարտին նախադպրոցական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին տրվեցին հավաստագրեր, ինչպես նաեւ տնօրենի, մանկավարժի եւ դաստիարակի աշխատանքի փաթեթներ:Ներկայացված թեմաները ոչ միայն արդիական, այլ նաեւ բավականին ուսանելի էին, իսկ ստացած նոր գիտելիքները, կարողություններն օգնելու են նախադպրոցական հիմնարկների աշխատանքները կազմակերպելիս: Եռօրյա դասընթացին մասնակցում էին նաեւ Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, որոնք էլ միաժամանակ իրականացրել էին դասընթացի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներ»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

  • Կիսվել: