հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռոզա Լինը և Մալենան ելույթ կունենան «Մանկական Եվրատեսիլում»

Ռոզա Լինը և Մալենան ելույթ կունենան «Մանկական Եվրատեսիլում»

Առաջին ալիքը հայտնում է «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի միջանկյալ ելույթներից մանրամասներ:

Դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք շոուի հատուկ հյուրն է Ռոզա Լինը: Միջանկյալ ակտերից մեկում «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակը կկատարի համաշխարհային հիթ դարձած SNAP-ը: Այն ճանաչվել է «Եվրատեսիլի» պատմության մեջ ամենաշատ լսված 5 երգերից մեկը Spotify-ում՝ սահմանելով մի շարք համաշխարհային ռեկորդներ: Երգը ստացել է պլատինե կարգավիճակ եվրոպական մի քանի երկրում: 

«Շատ ուրախ եմ ելույթ ունենալ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում: Ինձ համար չափազանց կարևոր է, որ մանկական երգի տոնն անցկացվում է իմ հայրենիքում: Երջանիկ եմ վերադառնալ եվրատեսիլյան մեծ ընտանիք»,- նշում է Ռոզա Լինը: 

Վերջերս երգչուհին հյուրընկալվել էր նաև աշխարհահռչակ The Late Late Show with James Corden հաղորդմանը և կատարել SNAP-ը հայկական մոտիվներով: «Մանկական Եվրատեսիլի» բեմում ևս երգը կհնչի հայկական գործիքների կենդանի նվագակցությամբ և ազգային երանգներով:

Հանդիսատեսը սպասում է նաև «Քամի-քամի» հիթի կատարող Մալենային: Նրա ելույթը ևս նախատեսված է միջանկյալ ակտում. «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը ներկայանալու է նոր երգով: Can’t feel anything երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, տեքստինը՝ Մալենան և Ռոզա Լինը: Շուտով տեղի կունենա նաև տեսահոլովակի պրեմիերան:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

  • Կիսվել: