Պոլիտեխնիկական համալսարանն ազդարարում է «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ կրթական ծրագրի մեկնարկը՝ բակալավրի որակավորմամբ
Հանրությանը ներկայացվեց «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին կրթական ծրագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 16-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը և Web3 Հայաստան հիմնադրամը հայտարարեցին բացառիկ կրթական ծրագրի մեկնարկի մասին։
«Մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկայի պահանջները բավարարող ծրագրերը։ Այս նախաձեռնությունը բուհ-մասնավոր հատված գործակցության վառ ապացույցն է։ Նման ծրագրերը ռազմավարական նշանակություն ունեն և էլ ավելի մեծ կերպով աջակցության են արժանանալու կառավարության, մասնավորապես՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից»,- նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նախարարի խոսքով՝ սրանք այն ուղղություններն են, որոնք առաջիկայում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարական փաստաթղթում տեղ են գտնելու: Հայրապետյանն ընդգծեց՝ եթե Հայաստանը ցանկանում է ունենալ իր կարևոր, նշանակալի դերը տեխնոլոգիական համաշխարհային քարտեզի վրա, պետք է ներդրում կատարի, ռեսուրսներ կենտրոնացնի համապատասխան մասնագետների պատրաստման համար, որը պետք է անել թե՛ ակադեմիական, թե՛ ոչ ֆորմալ կրթական գործընթացների միջոցով:
«Մենք այսօր արձանագրում ենք երկու հաջողություն։ Համալսարանը Web3 Հայաստան հիմնադրամի հետ կարողացավ իրականություն դարձնել բլոկչեյն և արհեստական բանականություն դասընթացները։ ԲՏԱ նախարարության համաֆինանսավորմամբ իրականացված ծրագիրը ոչ միայն ուսանողների համար ապահովեց նոր գիտելիքներ, այլև մասնագիտական աշխատանք գտնելու, վերաորակավորվելու և մրցունակ լինելու հնարավորություն։ Երկրորդը, մենք կարողացանք ծրագրի կենսունակությունը ապահովել և ներդնել նոր մասնագիտական կրթական ծրագիր՝ «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ»։ Երկար չարչարվելու, բովանդակություն գեներացնելու շրջանակում ունեցանք ծրագիր, ստացանք լիցենզիան և այսօր արձանագրում ենք, որ այն առաջին բակալավրի որակավորում տվող կրթական ծրագիրն է։ Այս ոլորտում դիպլոմավորված մասնագետներ ստեղծելու ծրագրեր դեռևս աշխարհում չկան»,-ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյան։
Նա արձանագրեց՝ Հայաստանը կարող է թե՛ կրթական ոլորտում, թե՛ մասնագիտական շատ ուղղություններում լինել առաջամարտիկ:
«Աշխարհում տարբեր բուհեր իրականացնում են սերտիֆիկացման կարճաժամկետ ծրագրեր Web3 տեխնոլոգիաների ուղղությամբ: Բայց դիպլոմավորված մասնագետների պատրաստման ծրագրեր դեռևս առկա չեն, և մեր մասնագիտական համայնքի խորը համոզմամբ կա պահանջ Web3 տեխնոլոգիաների ուղղությամբ իրականացնել մասնագիտական կրթություն, որովհետև Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում կան մեծ հաջողություններ, որը չենք կարող ասել շատ այլ պետությունների համար»,- ասաց նա:
Web3 Հայաստան հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը հույս հայտնեց, որ ուսանողների մեծ մասը ոլորտում կաշխատեն: Վերջինս շնորհակալություն հայտնեց երեք կողմերին՝ Պոլիտեխնիկական համալսարանին, ԲՏԱ նախարարությանը և Web3 համայնքին, որ բոլորը միահամուռ ուժերով կարողացան կազմակերպել մի բան, որը աշխարհում դեռ այնքան տարածված չէ:
«Նախաձեռնելով այս ծրագիրը՝ մենք կամրջում ենք տեսական գիտելիքների և գործնական կիրառման միջև ընկած անջրպետը: Մեր հիմնադրամը, համագործակցելով Պոլիտեխնիկական համալսարանի հետ, զարգացնելու է նոր սերունդ, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը: Համաշխարհային մասշտաբով «Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին և միակ կրթական ծրագիրը Հայաստանը կտեղավորի քարտեզի վրա՝ որպես թվային կրթության և նորարարության առաջատար»,- ընդգծեց Web3 Հայաստան հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը:
Բակալավրիատի ծրագիրը, որը մշակվել է Web3 Armenia հիմնադրամի առաջատար փորձագետների հետ համատեղ, նպատակ ունի ուսանողներին զինել խորը գիտելիքներով և գործնական հմտություններով բլոկչեյնի վերաբերյալ: Ուսումնական ծրագիրը ստեղծվել է այս նորարար տեխնոլոգիական ոլորտում հմուտ մասնագետների աճող պահանջարկը լուծելու համար՝ խթանելով ակադեմիական գերազանցության և իրական աշխարհի խնդիրների լուծման միջավայրը:
Նոր ծրագրի ընդունելությունը սկսվում է 2024 թվականին։