երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Փղերի համար նախատեսված կացարանի շինարարությունից հետո կքննարկվի նոր փիղ ձեռք բերելու հարցը

Փղերի համար նախատեսված կացարանի շինարարությունից հետո կքննարկվի նոր փիղ ձեռք բերելու հարցը

Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել են փղերի համար նոր կացարանի նախագծման աշխատանքները: Շինարարության մեկնարկը նախատեսվում է 2025 թվականին, որից հետո այգին կսկսի գործընկերների հետ բանակցություններ՝ նոր փիղ ձեռք բերելու նպատակով: 

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ  հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝ նշելով, որ կենդանաբանական այգու ընդլայնման և բարեկարգման աշխատանքները բնականոն հունով ընթանում են:

«Այս պահի դրությամբ ավարտվել են զեբրերի և կռունկների ազատավանդակների կառուցման, ամուրյան վագրի ազատավանդակի բարեկարգման և լողավազանի կառուցման աշխատանքները: Նշեմ, որ բոլոր նոր ազատավանդակներն, ի տարբերություն նախկինում եղածների, կառուցվում են յուրաքանչյուր կենդանու համար իրեն մոտ բնական միջավայրի շրջանակում: Մի շարք նոր ազատավանդակների կառուցումն այժմ ընթացքի մեջ է, աշխատանքները կավարտվեն նոյեմբեր ամսին»,-ասաց Սիրարփի Հայկազյանը:

Կենդանաբանական այգում գործարկվել են նոր ճեմուղիներ և հուշանվերների խանութ:

Սիրարփի Հայկազյանը տեղեկացրեց, որ ներդրվել է տոմսերի առցանց համակարգ: Այժմ  քաղաքացիները տոմսեր կարող են ձեռք բերել Երևանի կենդանաբանական այգու կայքէջից:

 

  • Կիսվել: