երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Պարկավոր կուլանների» կամ «միասմբակ կոալաների» դեմ մահափորձը. իրավիճակը հստակեցվում է

«Պարկավոր կուլանների» կամ «միասմբակ կոալաների» դեմ մահափորձը. իրավիճակը հստակեցվում է

Հայկական ԶԼՄ-ները նախօրդ օրը երեկոյան ցնցող լուր են տարածել մայրաքաղաքի կենդանաբանական այգում կենդանիներին թունավորելու փորձի մասին։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «Կենդանաբանական այգու իրավաբան Քրիստինե Կ.-ն ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ուղտի և երկու կոալաների վանդակներում կասկածելի կարմիր դեղահաբեր են թաքուն դրել՝ փորձելով դիտավորությամբ թունավորել նրանց»։

Ցնցել է ոչ միայն այն, որ ինչ-որ մեկը կարող էր նման նենգ ձեւով ոտնձգություն կատարել անմեղ արարածների նկատմամբ, այլ նաեւ կոալայի հիշատակումը: Այդ էկզոտիկ կենդանիներին ոչ ոք Երեւանի կենդանաբանական այգում երբեք չի տեսել։

Կենդանաբանական այգուն ուղղված NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան պարզվել է, թե ում են նկատի ունեցել՝ «կոալա» կոդային անվանումը նշելով։

«Իրականում ենթադրվել են թուրքմենական կուլաններ», - հայտնել է կենդանաբանական այգու ներկայացուցիչը՝ զսպելով ծիծաղը։

Հիշեցնենք, որ կուլանները ձիերի ցեղի միասմբակ կենդանիներ են, եւ Ավստրալիայում բնակվող պարկավոր կոալաների հետ նրանց միավորում են միայն անվան մեջ «կ» եւ «լ» տառերը։

Կենդանաբանական այգու ղեկավարությունն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով լրատվամիջոցներին չտարածել չստուգված տեղեկատվություն՝ դրանով անուղղակիորեն հերքելով թունավորման փորձի մասին առաջին հաղորդումը։

  • Կիսվել: