երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Խցանումների նվազեցման, մոպեդների և ինքնագլորների խնդրի կարգավորման հարցերը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

Խցանումների նվազեցման, մոպեդների և ինքնագլորների խնդրի կարգավորման հարցերը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում

Հուլիսի 19-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ոստիկանությունում անցկացրին աշխատանքային խորհրդակցություն։
Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալներ, ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը:

Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը ներկայացրեց Հայաստանում տրանսպորտային պարկի վիճակագրական տվյալներ, երթևեկության վերաբերյալ միջազգային փորձն ու իրականացված վերլուծությունները։

Մայրաքաղաքում խցանումներն ու հապաղումները հնարավորինս նվազեցնելու և առավել անվտանգ երթևեկություն ունենալու համար ճանապարհային ոստիկանությունը ներկայացրեց Երևանի 23 խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու առաջարկներ, որոնք կյանքի կոչելուց հետո էականորեն կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարները, երթևեկության հապաղումներն ու խցանումները, կմեծանա խաչմերուկների թողունակությունը, կավելանան հետիոտնային անցումները և այլն։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում առաջարկներով հանդես եկավ նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը։
Ներկաները հիմնականում դրական գնահատեցին ներկայացված առաջարկներն ու պայմանավորվեցին շարունակել համատեղ աշխատանքը։

Խորհրդակցությանը քննարկվեցին նաև մոպեդների և ինքնագլորների խնդրի կարգավորման և մայրաքաղաքի երթևեկության կազմակերպմանը վերաբերող այլ հարցեր։

  • Կիսվել: