երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանները կոնֆետի տուփում հայտնաբերել են սուբուտեքսի 516 դեղահաբ․ երկու անձ կալանավորվել է

Ոստիկանները կոնֆետի տուփում հայտնաբերել են սուբուտեքսի 516 դեղահաբ․ երկու անձ կալանավորվել է

Օրեր տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երևանի բնակիչներ 41 և 46-ամյա երկու տղամարդ նախնական համաձայնությամբ պետք է արտերկրից Հայաստան բերեն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Դեկտեմբերի 21-ին տեղեկություններն իրացվել են ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ու ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ։

Բագրատաշենի սահմանային անցակետում նրանք ենթարկվել են մաքսային զննության։ Կենֆետի տուփում բացի կոնֆետներից եղել է նաև «B8» գրառմամբ սուբուտեքսի 516 դեղահաբ։

Արդյունքում հարուցվել է քրեական գործ, տղամարդիկ որպես կասկածյալ ձերբակալվել են, հայտնաբերվածն էլ ուղարկվել է փորձաքննության։

Դեկտեմբերի 24-ին տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել։ Նրանք դատարանի որոշմամբ կալանավորվել են ու տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։

Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել կալանավորվածների բնակարաններում։ Հետագա գործողությունների համար առգրավվել են տարբեր իրեր։

Օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: