Օգոստոսի 5-ին Գյումրիում տեղի կունենա համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Գյումրի համայնքի ղեկավարի, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ հյուրընկալել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանին, կոմիտեի ներկայացուցիչներին։ Աշխատանքային քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել համահայկական ամառային 8-րդ խաղերի նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքներին։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է խաղերի անցկացման կազմակերպչական ծրագրերը, առաջիկա անելիքները։ Նշվել է, որ մինչև հունիսի 1-ը մարզպետարաններում պետք է ձևավորվեն համայնքային թիմեր։ Անդրադարձ է կատարվել ինչպես շքերթին մասնակցող քաղաքային թիմերի համապատասխան հանդերձանքի ապահովմանը, տեղափոխմանն ու գիշերակացի և սնունդի հետ կապված խնդիրների լուծմանն առնչվող հարցերի, այնպես էլ մարզադահլիճների գույքագրման գործընթացին։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, թե որ մարզաձևերի մրցումները կանցկացվեն Շիրակի մարզում։
Նշենք, որ համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թ-ի օգոստոսի 5-19-ը, 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ: