հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Նոր հեռանկարներ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի քիմիական, դեղագործական, ընկերությունների համար. մեկնարկել է «ChemEX»-ը

Նոր հեռանկարներ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի քիմիական, դեղագործական, ընկերությունների համար. մեկնարկել է «ChemEX»-ը

Նոր հեռանկարներ են ստեղծվում քիմիական, դեղագործական, կենսատեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի, ԵԱՏՄ երկրների ընկերությունների արդյունավետ, կառուցողական համագործակցության համար:

 Երևանում հունիսի 30-ին մեկնարկեց «Քիմիա. ֆարմա. բիոտեխ. նոր մարտահրավերներ» թեմայով եռօրյա «ChemEX 2022» ֆորումը:
 
«Քիմիան և դեղագործությունը առաջնահերթ ոլորտներից են Հայաստանի կառավարության համար: Շատ ծրագրեր ունենք, թե ինչպես է պետք զարգացնել, լավացնել տնտեսության այդ ճյուղերը Հայաստանում»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
 
Նախարարն ընդգծեց, որ նախկին Խորհրդային Միությունում Հայաստանում քիմիական արդյունաբերությունը շատ զարգացած է եղել, և հիմա նպատակն է վերադառնալ և նույնիսկ գերազանցել այն կարգավիճակը, որն այդ ոլորտում Հայաստանն ունեցել է Խորհրդային Միության տարիներին:
 
Քերոբյանը նշեց «Վանաձորի քիմպրոմ»-ի, Հայաստանում կաուչուկի և այլ արտադրությունների մասին: Այսպիսով, ֆորումի նպատակն է այդ ոլորտների զարգացումը, ռուս գործընկերների հետ համագործակցության հեռանկարների քննարկումը:
 
Ֆորումի շրջանակում ընդգծվեց Հայաստանի և Ռուսաստանի միջոլորտային համագործակցության փորձի մասին, որը բավականին խորն է եղել դեռ նախկին Խորհրդային Միության տարիներին: Ֆորումի մասնակիցների թվում էին համապատասխան գերատեսչությունների և արդյունաբերական ասոցիացիաների ներկայացուցիչներ, քիմիական և դեղագործական ընկերությունների ղեկավարներ և այլք:
 
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Դ. Մենդելեևի անվան քիմիական տեխնոլոգիաների համալսարանի գիտական ղեկավար Ալեքսանդր Մաժուգանը ֆորումի շրջանակում տեսաուղերձում, մասնավորապես, ասաց. «Ֆորումն ուղղված է Հայաստանի, Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների քիմիական, դեղագործական և կենսատեխնոլոգիական ոլորտում ընկերությունների համագործակցությանը և կառուցողական երկխոսությանը: Գիտական ոլորտում համագործակցությունը հայ-ռուսական հարաբերությունների անբաժանելի մասն է, որը խորը պատմական արմատներ ունի: Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ են հասկանում գիտական համագործակցության կարևորությունը»:
 
Դեռ 2021 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը և ՀՀ ԳԱԱ  նախագահ Աշոտ Սաղյանը Երևանում ստորագրել են ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզ: ՀՀ ԳԱԱ նախագահը գիտական դիսկուրսի, փորձի փոխանակման, գաղափարների քննարկման, հետագա համագործակցության համար այս ֆորումը համարեց ունիկալ հարթակ:
 
Ռուսաստանի դեղերի պետական ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Շեստակովն էլ ընդգծեց, որ երբ աշխարհը լի է տնտեսական և քաղաքական հակասություններով, շատ կարևոր է բաց երկխոսության վարել, համագործակցել հուսալի գործընկերների հետ: Նա շեշտեց ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինի խոսքերը, որ Հայաստանը ՌԴ-ի համար հանդիսանում է ռազմավարական գործընկեր:

  • Կիսվել: