երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ հայտնաբերված նորածինը մահացել է

Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ հայտնաբերված նորածինը մահացել է

Քիչ առաջ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է այսօր Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարևանությամբ գտնվող մատուռի մոտ հայտնաբերված նորածին տղան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան «Մուրացան» հիվանդանոց էր տեղափոխվել Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ և «Մուրացանի» բժիշկները մի քանի ժամ շարունակ պայքարում էին երեխայի կյանքի համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մատուռի մոտ տապրակով թողնված նորածին տղային գյուղի շները քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս, որտեղ էլ գտել են նրան։ Տեղեկությունը հայտնել է Ներքի Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը։

«Դեպքը մոտավորապես 10։30-ին է եղել, բնակչուհին շների ոռնոց է լսել, դուրս է եկել տնից, իր տան բակի հետնամասում հավաքված շատ շներ է տեսել, հեռացրել այդ հատվածից, հետո ձայն է լսել, դեղին տոպրակը տեսել։ Մտածել է` կենդանի է երևի ներսում, մոտեցել է ու երեխային գտել։ Գրկել, տուն է տարել, հետո ոստիկանություն ենք զանգել»,– հայտնել է Զուլոյանը։
Այն հատվածը, որտեղ գտնվել է երեխան, մատուռից 70-80 մետր հեռավորության վրա է։ Ենթադրում են, որ երեխային թողել են մատուռում, այնտեղից արդեն շները քաշելով գյուղացու տան մոտ են հասցրել։ Գյուղապետի խոսքով` շները նորածին տղային չեն վնասել, միայն տոպրակն է քաշելուց մի քիչ պատառոտվել։
 
«Երեխան եղել է սպիտակեղենի մեջ փաթաթված։ 1 կգ 900 գրամ էր կշռում, երբ տեղափոխեցինք հիվանդանոց։Բժիշկներն ասացին` մի 5-6 ժամ առաջ է լույս աշխարհ եկել»,– ասել է Զուլոյանը։

 

  • Կիսվել: