չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ներկայացվել են «Համայնքային մակարդակում բազմաչափ աղքատությունը Հայաստանում» հետազոտության արդյունքները

Ներկայացվել են «Համայնքային մակարդակում բազմաչափ աղքատությունը Հայաստանում» հետազոտության արդյունքները

Տեղի է ունեցել «Համայնքային մակարդակում բազմաչափ աղքատությունը Հայաստանում» և «Ծրագրի թիրախ համայնքներում սոցիալական կարիքները և ծառայությունների արձագանքը» հետազոտությունների արդյունքների ներկայացումը, որին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

Հետազոտություններն իրականացվել են Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի, Արմավիրի մարզերում. հետազոտվել են մարզերի գյուղական և քաղաքային համայնքների տնային տնտեսությունների կենսապայմանները, հանրային ծառայությունների՝ ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, էլեկտրամատակարարման համակարգերի շարունակական հասանելիության հետ կապված խնդիրները։

Հատուկ անդրադարձ է կատարվել նաև առողջապական ծառայություններից օգտվելու և կրթության հասանելիության հարցերին, ինչպես նաև աշխատաշուկայում ներգրավվածության ապահովմանը։

Աննա Ժամակոչյանի խոսքով՝ Հայաստանում աղքատության կրճատման քաղաքականությունը մշակելիս չափազանց կարևոր են նմանատիպ հետազոտությունների իրականացումն ու արդյունքները, որոնք կնպաստեն գործընթացը ու ՀՀ կառավարության քաղաքականություններն իրականացնել ավելի մասնակցային, փաստահենք և հասցեական:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գտնվում է սոցիալական պաշտպանության համակարգի բարեփախումների կարևոր փուլում, որի ընթացքում հստակեցվում են Կառավարության, համայնքի, քաղաքացիական հասարակության և բիզնես ոլորտի դերակատարման առանձնահատկությունները։ Մենք այժմ Միասնական սոցիալական ծառայության կայացման փուլում ենք և մեզ համար իհարկե կարևոր է, թե վերջին հաշվով հանրային/պետական աջակցության կարիքն ունեցող քաղաքացին իր անմիջական միջավայրից բխող ինչ առանձահատուկ կարիք ունի՝ իր համայնքում ու բնակավայրում ինչպիսի առանձին առաջնահերթություններ կան, որոնք պետք է պետությունն ուշադրության կենտրոնում պահի»,- ընդգծել է նախարարի տեղակալը։

Ներկայացված հետազոտությունների դիտարկումների, վերլուծված փաստերի, ինչպես նաև հանրային-մասնավոր հատվածի գործընկերության միջոցով հնարավորություն կընձեռվի ստեղծել համայնքային բազմաչափ աղքատության և համայնքներում առկա կարիքների հաղթահարման կարևորագույն մեխանիզմները։ Հետազոտություններն իրականացվել են Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

  • Կիսվել: